Ղրիմում նոր բջջային օպերատորի` ՙԿ-Տելեկոմի՚, որը հաճախություններ է ստացել և փոխարինել է թերակղզում աշխատանքը դադարեցրած ՙՄՏՍ-Ուկրաինային՚, սեփականատեր է դարձել Հայաստանում գրանցված ՙՍելլ գրուպ ուորդվայդ հոլդինգ՚ ՓԲԸ-ն: Ինչպես հայտնում է ՙՎեդոմոստի՚ թերթը, Հայաստանի իրավաբանական անձանց ռեեստրի տվյալների համաձայն, ՓԲԸ-ն պատկանում է Cell Group Worldwide ltd անհայտ իրավազորությամբ ընկերությանը:
ՙՎեդոմոստին՚ հայտնում է, որ մայիսի վերջին Կրասնոդարում գրանցված ՙԿ-Տելեկոմը՚ մեկ շաբաթից Ռադիոհաճախությունների պետհանձնաժողովից ստացել է Ղրիմում ՄՏՍ-ի GSM-հաճախություններ: Ընկերությունն ի սկզվանե գրանցել է մասնավոր տուրիստական խորհրդատու Աննա Բերեզկինան, ինչից հետո ՙԿ-Տելեկոմը՚ երկու անգամ փոխել է սեփականատիրոջը. սկզբում այն դարձել է ոմն Նիկոլայ Բալաշովը, իսկ հունիսի վերջին` հայկական ՙՍելլ գրուպ ուորդվայդ հոլդինգ՚ ՓԲԸ-ն: Ինչպես գրում է թերթը, Հայաստանում նույնպես աշխատում է ՙԿ-տելեկոմ՚ ՓԲԸ-ն` ՄՏՍ-ի ՙդուստր՚ ընկերությունը: ՄՏՍ-ը նաև ռուսական ՙդուստր՚ ընկերություն ունի` նույն անվանումով: ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ասում են, որ օպերատորը որևէ առնչություն չունի Ղրիմում աշխատող ՙԿ-տելեկոմի՚ հետ:
Թերթը տեղեկացնում է, որ ՙԿ-տելոկոմը՚ ռուսական օպերատորների բաժանորդների համար միակողմանի կարգով տեխնիկական ռոումինգ է բացել: Այդպիսով, ՄՏՍ ռուսական sim-քարտ ունեցողները /ընկերությունը Ղրիմում դրանց վաճառքն սկսել է հունիսի սկզբին/ Սիմֆերոպոլում առանց կապի չեն մնացել: ՙՎեդեմոստիի՚ զրուցակիցը ենթադրում է, որ ՙԿ-տելեկոմը՚ ռոումինգ է բացել`համոզելու ռուսական օպերատորներին ավելի ուշ ռոումինգային համաձայնագրեր կնքել իր հետ: Այն մասին, որ ՙԿ-տելեկոմի՚ հետ բանակցություններ են տարվում ռոումինգի վերաբերյալ համաձայնագիր կնքելու շոււրջ, ավելի վաղ ՙՎեդոմոստիին՚, ասել է ռուսական մեկ այլ օպերատորի աղբյուրը:
iKS-Consulting վերլուծական կենտրոնի տվյելներով, 2013 թ. վերջի դրությամբ Ղրիմում և Սևաստոպոլում բջջային կապի 2,97 մլն բաժանորդ կա: Նրանց մեծ մասին սպասարկել է ՙՄՏՍ-Ուկրաինան՚, (57%), 21%-ին` ՙԿիևսթարը՚ /Vimpelcom Ltd-ի ուկրաինական դուստր ընկերություն/ և 16% -ին`ՙԱսթելիտը՚ /վերահսկվում է թուրքական Turkcell-ի կողմից/: