Ավստրիական Զարգացման բանկը (OeEB) և ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն ստորագրեցին պայմանագիր`15 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նշված գումարի 70%-ն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ 30%-ը` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվել է 8 տարի ժամկետով:
ՙՓոքր և միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության համար, այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 43%-ը և աշխատատեղերի զգալի մասը: Այս երկարաժամկետ ֆինանսավորումն էապես կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության զարգացմանն ու հետագա ընդլայնմանը, ներքին ու արտաքին շուկաներում նրանց մրցունակության բարձրացմանը: Վերականգնվող էներգետիկային ուղղված ֆինանսավորումը խթան կհանդիսանա այդ ոլորտի կայուն զարգացման ամրապնդման, էներգախնայողության ապահովման համար ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ բնակչության շրջանում՚,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2013 թվականի առաջին կիսամյակում գերազանցել է 161 մլրդ դրամը, կիսամյակային աճը կազմել է 5%: Վարկային պորտֆելի ծավալով բանկը գտնվում է առաջատարների եռյակում: Առանց միջբանկային վարկերի բանկի պորտֆելը կազմում է 156,5 մլրդ դրամ, որտեղ ՓՄՁ մասնաբաժինը կազմում է 16%, կամ 25,2 մլրդ դրամ (առաջատար տասնյակում), տարեկան աճը` 15%, իսկ առաջին կիսամյակի աճը կազմել է 18.2%:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
ՆՄշենք, որ Ավստրիական Զարգացման բանկը (OeEB) Oesterreichische Entwicklungsbank AG (OeEB) գործում է որպես Ավստրիայի պետական զարգացման բանկ 2008թ. մարտից: Բանկը մասնագիտանում է զարգացող երկրներում մասնավոր հատվածի ծրագրերի համար երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելու մեջ` կայուն զարգացում ապահովելու նպատակով: OeEB-ն նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն (խորհրդատվություն), որը կարող է օգտագործվել` զարգացման նախագծերի ազդեցությունն ընդլայնելու համար: