Հայաստանի
բանկային համակարգը գյուղացիներին հասցրել է սնանկացման: Այսօր Երևանում կայացած
մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ բերբերյանը:
«Իմ հաշվարկներով,
Հայաստանի անկախության տարիներին գյուղատնտեսական տարբեր նպատակների համար
միջազգային կառույցներից ստացվել են մոտ 50 մլն.դոլարի վարկեր»,-նշել է
Բերբերյանը, հավելելով, որ պատկերացում անգամ չունի, թե ինչպես և ինչպիսի
արդյունավետությամբ են օգտագործվել այդ միջոցները: «Միջոցները վարկի տեսքով
բանկերին էին տրամադրվում ցածր տոկոսադրույքներով: Օրինակ, Համաշխարհային բանկից
ՀՀ կառավարությունը LIBOR 0.5-0.75% դրույքով ստացել է վարկեր, այնուհետև դրանք
բանկերին տրամադրել տարեկան 7% տոկոսադրույքով, որից հետո բանկերը գյուղացիներին
վարկավորել են 24-30%-ով»,-պարզաբանել է նա:
«Արդյունքում, այսօր
գյուղացիները պարտք են բանկերին: Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է անհապաղ ստեղծել
հատուկ հանձնաժողով, որը կքննարկի բանկերի կողմից վարկային ռեսուրսների նպատակային
օգտագործումը»,-հայտարարել է Բերբերյանը, հիշեցնելով, օրինակ, «Կրեդիտ-Երևան»
բանկի պատմությունը, որը ՀԲ-ից գյուղատնտեսության զարգացման նպատակով ստացված
միջոցներն անհայտ է, թե ինչ ուղղությամբ օգտագործեց: Նա հիշել է նաև մեկ այլ,
ավելի թարմ, օրինակ, կապված գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման հետ:
«Կառավարությունը ֆերմերային տնտեսություններին տրամադրում է արտոնյալ վարկեր,
բայց Շիրակի մարզում դրանք տրամադրվել են ընդամենը 40 ֆերմերների: Այսօր
ֆերմերները վարկավորման խիստ կարիք ունեն, բայց բանկերը չեն բավարարոմ
գյուղացիների պահանջները և համաձայնվում են նրանց վարկավորել միայն բարձր
տոկոսադրույքներով` 18-20%-ից ոչ ցածր: Էժան գյուղատնտեսական վարկերն այսօր շատ
սահմանափակ են»,-հայտարարել է Բերբերյանը:
Նրա խոսքով, գյուղացիները
խրվել են վարկերի մեջ: Նրանք դեռ ոտքի չեն կանգնել գարնանային ցրտահարություններից
ու կարկտահարությունից հետո: «Տարօրինակ է, որ երկրում հակակարկտային կայանների
թվի ավելացոմով աճում են գյուղատնտեսական սուբյեկտների վնասները: Գյուղատնտեսության
ոլորտն արմատական բարեփոխումների կարիք ունի, ընդ որում, բառիս բուն իմաստով
«արմատական»: Ընդ որում, առաջին հերթին, ոչ թե պաշտոնյաները պետք է ստեղծեն
գյուղատնտեսական կոոպերատիվներ, այլ իրենք, ֆերմերները, երկրորդ, պետական
գործիչները պետք է աշխատեն «Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների մասին» օրենքի
վրա, այլ ոչ թե արտագրեն արդեն գոյություն ունեցող` «Գյուղատնտեսական կոոպերացիայի
մասին» օրենքը, երրորդ, անհրաժեշտ է ամբողջովին արդիականացնել ոռոգման համակարգը,
չորրորդ, անհրաժեշտ է բարձրացնել հակակարկտային կայաների պատասխանատվությունը,
հինգերորդ, անհրաժեշտ է ստեղծել ցանցային հակակարտկտային համակարգ, եվրոպական
երկրների օրինակով, և վերջապես, վեցերորդ, հարկավոր է իջեցնել գյուղատնտեսական
վարկերի տոկոսադրույքները, իսկ ժամկետները երկարաձգել մինչև 15 տարի»,-հայտարարել
է Բերբերյանը:
Նա
նշել է նաև, որ լրագրողների հետ հաջորդ հանդիպումը տեղի կոնենա սեպտեմբերին կամ
հոկտեմբերին, երբ արդեն պարզ կլինի, թե որքանով է կառավարությունը կատարում իր
խոստումները: