ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Դիլիջան քաղաքում 3G ցանցի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Ժամանակակից սարքավորումների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է գրեթե 30 քմ. կիլոմետրով, իսկ ծածկույթի որակնը` երեք անգամ:
ՙԱրմենՏել՚ ընկերության կողմից կազմակերպված մամլո-շրջագայության ընթացքում ընկերության տեխնիկական բլոկի ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրել են Beeline 3G ցանցի ծածկույթի քարտեզը և արագության հնարավորությունները: Որից հետո Հայաստանի առաջատար ԶԼՄ-ների լրագրողները իրենց սմարթֆոններով և պլանշետային համակարգիչներով կարողացել են փորձարկել 3G կապի ծածկույթի որակը Դիլիջանում և շրջակայքում: ԱրմԻնֆոյի թղթակցի հավաստմամբ, Download-ի ժամանակ ինտերնետի միջին արագությունը կազմել է շուրջ 2.5 Մբիթ/վ, Upload-ի ժամանակ` 1.3 Մբիթ/վ:
ՙԿարծում ենք, որ Beeline ծառայությունները մեր բաժանորդների համար առաջին հերթին պետք է լինեն հարմար և մատչելի, ինչն ապահովվում է մեր շահավետ սակագնային փաթեթների ընտրությամբ՝ առաջարկների հարմարավետության և կապի որակի համադրությամբ: Մեզ համար շատ հաճելի է, որ ամանոյա արձակուրդների և տոների նախաշեմին մեր երկրի ամենաճանաչված հանգստյան գոտիներից մեկը ապահովված կլինի 3G որակյալ կապով, իսկ հանգստացողները կարող են առավելագույն հարամարավետությամբ օգտվել Beeline ժամանակակից կապի ծառայություններից՚, - նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Վերջին տվյալների համաձայն, ՙԱրմենՏել՚ ընկերության ընդհանուր գործառնական եկամուտը 2013 թվականի 9 ամիսներին կազմել է 107 մլն դոլար կամ 43.9 մլրդ դրամ, որից 47 մլն դոլար` բջջային կապից, իսկ 60 մլն դոլար` ֆիքսված կապից: ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի առևտրային-սպասարկման խոշորագույն ձեռնարկությունների ռենքինգի տվյալներով, 2012 թվականի արդյունքներւով ՙԱրմենՏել՚ ընկերության հասույթը կազմել է 63.2 մլրդ դրամ, իսկ համախառն շահույթը` 19.8 մլրդ դրամ: Ակտիվներով ՙԱրմենՏելը՚ գերազանցում է իր մրցակիցներին (ՙՎիվաՍելին՚ և ՙՕրանժին՚):