Առաջիկա տարիներին Հայաստանում կսկսվի արևային ջրատաքացուցիչ համակարգերի կիրառումը, ինչին նպաստում են գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կանխատեսումներով է հանդե եկել վերականգնող էներգետիկայի գծով փորձագետ Հայկ Շեկյանը:
Նրա խոսքերով, նման համակարգերի կիրառումը բնակչությանը թույլ կտա տնտեսել գազին և էլեկտրաէներգիային ուղղվող միջոցների մինչև 2/3-ը: Փորձագետը նաև նկատել է, որ նշված համակարգերի կիրառումը Հայաստանում կարող է լինել մրցունակ. եթե այդ համակարգերին նախատեսվող սարքավորումները ներկրվեն արտոնյալ հիմունքներով:
Ըստ Շեկյանի, ամենաձեռնտուն արևային ջրատաքացուցիչ համակարգերի կիրառումն է, որոնք իրենց տեղադրման պարզությամբ կապահովեն ամենաբարձր ՕԳԳ: Նրա տվյալներով, Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները, հաշվի առնելով էներգակրիրների շուկայի իրավիճակը, արդեն առաջարկում են նման համակարգերի ձեռքբերման լիզինգային և վարկային ծառայություններ, որոնք 5 հոգուց բաղկացած ընտանիքի համար կարող են կազմել մոտ 300 հազ.դրամ` տեղադրման հետ միասին: Ներկայումս Հայաստանում նման համակարգերի տեղադրումով զբացվում է 3 ընկերություն: Ի դեպ, արտասահմանյան նմանատիպ համակարգերն արժեն 1.5 հազ. դոլար: Ինչ վերաբերվում է արևային ֆոտոէլեկտրական էլեմենտներով էլեկտրակայաններին, ապա, ըստ փորձագետի, այստեղ ներդրված միջոցները կվերադարձվեն 15-20 տարի անց:
ՙՄաքուր էներգիա՚ ՀԿ փոխնախագահ Հայկ Խաչատրյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանում արևի ճառագայթները հասանելի են ցերեկվա 80%-ին, այն ժամանակ, երբ Եվրոպայում այս ցուցանիշը կազմում է 60%: Ի դեպ, եթե Հայաստանում 1 քմ տարածքը միջին հաշվով կարող է ստանալ 1700 վատ էներգիա, ապա Եվրոպայում այս ցուցանիշը կազմում է 1000 վատ: Խաչատրյանը նաև նշել է, որ արևային ֆոտոէլեկտրական էլեմենտներով էլեկտրակայաններն զբաղեցնում են մեծ տարածքներ, հետևաբար, համապատասխան սարքավորումներն ավլի նպատակահարմար է տեղադրել տանիքների վրա:
Խոսելով այլընտրանքային այլ աղբյուրների մասին, Խաչատրյանը տեղեկացրել է, որ համաձայն ՙՄաքուր էներգիա՚ ՀԿ հետազոտությունների, Հայաստանի հողմակայանների ներուժը կազմում է տարեկան 10 մեգավատ, ինչը 10 անգամ գերազանցում է Հայկական ԱԷԿ-ի արտադրության ծավալները: Նա նկատել է, որ հողմային էլեկտրակայանները պետք է տեղադրվեն բարձրադիր վայրերում, որոնց շինարարությունը թանկ արժե: Նա նշել է, որ Հայաստանում միակ հողմակայանը գործում է Պուշկինի լեռնանցքում, որի հզորությունը կազմում է 2.6 մՎտ և կառուցվել է 2005 թվականին, որը 1 կՎտ հոսանքը տրամադրում է 41.9 դրամով: Գործում են նաև փոքր հզորությամբ հողմակայաներ, որոնք սպասարկում են առանձին գյուղեր:
Ըստ Խաչատրյանի, մեծ ներուժ ունի նաև ստորգետնյա թերմինալային ջրերի ջերմային էներգիայի օգտագործումը, հատկապես Սյունիքի մարզում: Նա գտնում է, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել շենքերի ջերմամեկուսացմանը, ինչը կտնտեսի ծախսերի 20-30%-ը: Նա նաև հավելել է, որ նշված բոլոր միջոցները պետք է նախաձեռնի պետությունը:
Ըստ պաշտոնական վիճակագրության, 2012 թվականին ջերմային կայանների բաժինը էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալներում կազմել է 45.1%, ՀԷԿ-երի բաժինը` 6.4%, ԱԷԿ-ի բաժինը` 9.8%, բարձրավոլտ էլեկտրակայաններ բաժինը` 0.1%, իսկ էլեկտրական ցանցերի բաժինը` 38.6%: