Թեթև արդյունաբերության վիճակը Հայաստանում անուշադրության է մատնված, բայց անհույս չէ, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՏոսպ՚ ԲԲԸ տրիկոտաժի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին`մեկնաբանելով առաջընթացի բացակայությունը Հայաստանի թեթև արդյունաբերության զարգացման գործում:
Հիշյալ ոլորտի զարգացումը, հիշեցնենք, Հայաստանի կառավարության կողմից ընդունված` արտահանման խթանման հայեցակարգի մասն է կազմում, ինչը ենթադրում է հայրենական տնտեսության 11 ոլորտի զարգացում:
Ողջունելով իշխանությունների ծրագիրը` տրիկոտաժի ֆաբրիկայի ղեկավարը, սակայն, մատնանշել է այդ ոլորտի ներկայացուցիչներին օգնության համալիր միջոցների բացակայությունը: ՙՀայաստանում թեթև արդյունաբերության վերականգնումը պահանջում է պետության լուրջ աջակցությունն այնպիսի հարցերում, ինչպես` սեփական հումքային բազայի ստեղծումը, հարկային բեռի զգալի թեթևացումը, հայկական բրենդի առաջխաղացումը սկզբում ռուսական շուկայում, իսկ հետո` ասիական, երկարաժամկետ հեռանկարում` նաև եվրոպական շուկայում՚: Ինչպես նշել է Ս. Բեկիրսկին, նմանօրինակ սցենարով այդ ոլորտը զարգացել է այնպիսի երկրներում, ինչպես`Չինաստանը, Իսրայելը, Թուրքիան, իսկ հիմա արդեն Բելառուսում. ՙթեթև արդյունաբերության ոլորտն այդ երկրներում լուրջ աջակցություն է ստանում պետության կողմից` ընդհուպ հարկերի լիակատար վերացում, արտոնյալ վարկերի տրամադրում և այլ արտոնություններ՚: Նման աջակցության բացակայությունը, ընդգծել է նա, հարցականի տակ է դնում Հայաստանում թեթև արդյունաբերության գոյությունը:
ՙԹեթև արդյունաբերության ոլորտը վերջին երկու տասնամյակում հիմնովին քայքայվեց, իսկ ամենամեծ կորուստը ձեռնարկատերերի համար իրացման շուկաների գերթե ամբողջական կորուստն էր: Դա Հայաստանում սկիզբ դրեց ՙգարաժային՚ արտադրությանը ժամանակին բարգավաճող այնպիսի ենթաճյուղերում, ինչպես` կոշիկի, կաշվի, կարի արտադրությունը, ինչը վնասեց երկրի հեղինակությանը` որպես լուրջ մատակարար՚,- նշել է ՙՏոսպ՚ ընկերության ղեկավարը:
Ձեռնարկատերը, այնուամենայնիվ, կարևորել է այն փաստը, որ թեթև արդյունաբերությունն իշխանությունների կողմից գերակա ոլորտ է ճանաչվել: Սույն ծրագրի շրջանակներում, տեղեկացրել է Ս. Բեկիրսկին, երկրի բյուջեից շուրջ $300 հազար է հատկացվել թեթև արդյունաբերության ընկերությունների համար մարքեթինգային ռազմավարության մշակման և իրականացման նպատակով: ՙԲացի այդ, այժմ մենք աշխատում ենք Մոսկվայում թեթև արդյունաբերության ապրանքների ոչ մեծ առևտրային կենտրոն բացելու գաղափարի իրականացման ուղղությամբ, և դրա համար մեզ անհրաժեշտ են պետական երաշխիքով փոխառու միջոցներ: Բացի այդ, մեզ հարկավոր են ռուսաստանյան շուկայում պրոֆեսիոնալ մարկետելոգներ, ովքեր կկարողանան առաջմղել հայկական բրենդը: Տեղական բրենդի առաջխաղացման հարցում մեծ օգնություն կարող է ցուցաբերել նաև Ռուսաստանի հայկական համայնքը՚,- ասել է Ս. Բեկիրսկին:
Խոշոր ձեռնարկությունից, որում աշխատել է շուրջ 5 հազար մարդ, և որ տրիկոտաժ է մատակարարել հետխորհրդային ողջ տարածքին, ՙՏոսպ՚ ֆաբրիկան վերածվել է ոչ մեծ գործարանի և այժմ հույս է փայփայում, որ մի օր իշխանությունների խոստումները, վերջապես, իրական գործողութունների կվերածվեն:
Նշենք, որ թեթև արդյունաբերության վերականգնման մասին Հայաստանի իշխանությունները սկսել են խոսել դեռ 2010 թվականին, և միայն 2013 թվականին է Երևանում բացվել ՙMade in Armenia՚ խանութը, որը հայկական մի քանի բրենդ է միավորում: Ոչ մեծ խանութը, եթե հավատանք վերջինիս հիմնադիրներին, պետք է մեծ ձեռքբերումների սկիզբ հանդիսանա թեթև արդյունաբերության ոլորտում: Միայն թե խանութի հաճախորդների մոտ փոքր-ինչ այլ, ավելի շուտ մռայլ զգացողություն է առաջանում վերջինիս հեռանկարների առնչությամբ:
Տեղական արտադրության ապրանքները թույլ են ներկայացված տեղական շուկայում և հազիվ են փակում ներքին ընդհանուր պահանջարկի 10%-ը: Ըստ որում, թեթև արդյունաբերության ապրանքների ամենամյա շրջանառությունը Հայաստանում հասնում է $280 մլն-ի: Հիշեցնենք, որ 2011 թ.օգոստոսին Հայաստանում գրանցվել է Թեթև արդյունաբերության գործատուների միությունը, որը միավորում է շուրջ 25 ընկերություն: Մինչդեռ ՙMade in Armenia՚ խանութի սեփականատերը անկեղծորեն խոստովանել է մեր թղթակցին, որ տեղյակ չէ ո’չ Միության, ո’չ թեթև արդյունաբերության արտադրողների որևէ այլ միության մասին, իսկ ոլորտին պետական աջակցության մասին խոսել չենք կարող:
Նշենք, որ ՙՏոսպ՚ ֆաբրիկան 4 ֆիրմային խանութ ունի Երևանում: Յուրաքանչյուր խանութի միջինամսական հասույթը կազմում է շուրջ 3.5 մլն դրամ: