Չնայած այն բանին, որ Հայաստանը մի շարք բարեփոխումներ է իրականացրել արդարադատության համակարգում` կտտանքները և անմարդկային վերաբերմունքը շարունակում են գերիշխել Հայաստանի իրավապահ մարմինների աշխատանքում: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի`աշխարհի մի շարք երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է նախօրեին Վաշինգտոնում:
Զեկույցում նշվում է, որ ոստիկանները բռնություն են գործադրում քաղաքացիների նկատմամբ ինչպես ձերբակալելիս, այնպես էլ հարցաքննության ժամանակ: ՙՈստիկանության բաժանմունքներից քննչական մեկուսարան տեղափոխված քաղաքացիների մեծ մասը հաղորդում է, որ իրենք բռնության են ենթարկվել`խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով՚,- ասվում է զեկույցում:
ՙՄարտի 13-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը /ՅՈՒՆԻՍԵՖ/ ներկայացրել է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետազոտությունների արդյունքները, որոնք վերաբերում են անչափահասների նկատմամբ վատ վերաբերմունքին և նրանց նկատմամբ բռնության գործադրմանը՚,- նշում է զեկույցում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, այդ խնդրին է անդրադարձել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր ամենամյա զեկույցը ներկայացնելիս, որտեղ նույնպես նշվում է, որ ոստիկանության քննչական մարմինները խոստովանական ցուցմունքներ ստանալու համար շարունակում են կոշտ, անմարդկային վերաբերմունք դրսևորել անձերի նկատմամբ:
ԱՄՆ Պետդեպարտամենտն ուշադրությունը հրավիրել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի և բռնության առկայության վրա: ՙՉնայած ՀՀ ՊՆ-ում ճնշումների վերաբերյալ հստակ տվյալների բացակայությանը` տարբեր զինծառայողներ դիմել են տարբեր իրավապաշտպան կազմակերպությունները` բողոքելով, որ իրենց նկատմամբ բռնությունը համակարգային բնույթ է կրում: Զինվորների ընտանիքները պնդում են, որ կոռումպացված պաշտոնյաները վերահսկում են զորամասերը, իսկ մարդու իրավունքների դիտորդները և օմբուդսմենը հաղորդում են, որ կառավարությունը շարունակում է բանակ զորակոչել առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների՚,- նշվում է զեկույցում: