Հայաստանի ներքին իրավիճակը մոտենում է սոցիալական խռովության, և երկրի իշխանությունները հնարավորինս նպաստում են դրան: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Նրա ասելով, ընդդիմությունը շատ լավ հասկանում է իրավիճակի հետագա սրման անխուսափելիությունը` նույնիսկ առանց իր ակտիվ գործողությունների:
ՙԳործող վարչակազմի նկատմամբ ՙլավագույն՚ ընդդիմությունը վարչապետ Տիգրան Սարգսյանն է ու իր թիմը: Ոչ ոք այդպես սրընթաց երկիրն ու հասարակությանը չի տանում հետագա սրման, բողոքի և խռովության, ինչպես վարչապետը` իր անհամարժեք գործողություններով ու ելույթներով: Եթե հակիրճ պատմական էքսկուրս կատարենք, ապա կհիշենք, որ Կերենսկու իշխանությունը սասանվեց այն պահից, երբ նրա նախարարները սկսեցին ծիծաղել նրա երկար ճառերի վրա՚, - հայտարարել է նա:
Այսօր նույնպիսի իրավիճակ է մեզ մոտ, կարծում է Կարապետյանը: Նրա համոզմամբ, իշխանության ցանկացած ներկայացուցչի խոսքերին հումորով են վերաբերվում: Ոչ մի ողջախոհ մարդ չի հավատա տնտեսական աճի և կառավարման արդյունավետության մասին հեքիաթներին` բնակչության զանգվածային արտագաղքի և գների խելահեղ աճի ֆոնին: Նա ավելացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը վաղ թե ուշ ստիպված է լինելու կայացնել որոշակի, իր համար դժվար որոշումներ: Ձևացնելու, խաղի հնարավորությունները նրա համար աստիճանաբար սպառվում են: