Ռուսաստանցի խորհրդարանականները համաձայն են, որ ռուսական սպառազինության մատակարարումներն Ադրբեջան խնդիրներ են ստեղծում տարածաշրջանում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը` ամփոփելով ՀԱՊԿ ԽՎ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նիստի արդյունքները:
Նա հաղորդել է, որ այսօր Երևանում բացված երկօրյա նիստի ընթացքում ինքը բարձրացրել է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման հարցը, նշելով, որ նման գործարքները չեն նպաստում կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում: ՙԲովանդակային առումով ՀԱՊԿ չի կարող դիտարկվել լուրջ կառույց, եթե 4 մլրդ դոլարի ռուս-ադրբեջանական գործարքը մատուցվում է սոսկ որպես ՙբիզնես նախագիծ՚: Մեր ռուսաստանցի գործընկերները համակարծիք են, որ սա իրոք չափազանց կարևոր խնդիր է, որը, սակայն, պահանջում է լուրջ քննարկում՚, - ասել է Քոքոբելյանը: Հայ պատգամավորը տարօրինակ է համարում նաև այն, որ եզրափակիչ փաստաթղթում, որը պետք է ամփոփի նիստի արդյունքները, թվարկվում են տարածաշրջանի առջև կանգնած արտաքին մարտահրավերները, և խոսք է գնում Սիրիայի, Իրանի, Աֆղանստանի և այլ հակամարտությունների մասին, սակայն չեն շոշափվում ռուս-վրացական պատերազմի հարցը, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրները: