Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում իրենց առաքելությունը կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 274 դիտորդներ: Այս մասին է նշվում այդ կազմակերպության պաշտոնական կայքում:
Աղբյուրի համաձայն, դիտորդական առաքելության կազմում, որը գլխավորելու է դեսպան Հեիդի Տագլիավինին, լինելու են նաև 13 միջազգային փորձագետներ, իսկ առաքելության 24 երկարաժամկետ դիտորդները Հայաստան կժամանեն հունվարի 16-ին:
Ընտրությունների հաջորդ օրը ԺՀՄԻԳ առաքելությունը հանդես կգա նախնական եզրակացությամբ, որը կներկայացվի մամուլի ասուլիսի ժամանակ: Ընտրական ողջ գործընթացն ամփոփող եզրակացությունները կներկայացվեն ընտրություններից 8 շաբաթ անց:
Նշենք, որ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2013 թվականի փետրվարի 18-ին: Թեկնածուների թիվը 14-ն է, որոնց շարքում են ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, ինչպես նաև Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` ՙԱզատություն՚ կուսակցոթւյան կողմից: Մյուս 12 թեկնածուների շարքում են ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆի Հովհաննիսյանը, ՙԱզգային Ինքնորոշում՚ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, ՙԱզգային Համաձայնություն՚ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ՙՔաշաթաղ՚ հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, գործազուրկ Մհեր Հայրապետյանը և Ազգային մամուլի ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: