Քանդման սպառնալիքի տակ է հայտնվել ՙԶվարթնոց՚ օդանավակայանի հին շենքը, որը ՙԱրմենիա-Միջազգային օդանավակայաններ՚ ընկերությունը ցանկանում է քանդել, պատճառաբանելով, որ կոնստրուկցիաները գտնվում են վատթար վիճակում:
Սակայն, լրագրողների հետ զրույցի ընթացքում Հայաստանի Ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը նշել է, որ շենքը, որպես խորհրդային մոդեռնիզմի օրինակ, մեծ արժեք է ներկայացնում: Փորձագետը ուշադրություն է դարձրել, որ Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության կոմիտեն նույնպես հանդես է եկել շենքը քանդելուն դեմ: Ընդ որում, ճարտարապետները նույն կարծիքն են, որ ավելի նպատակահարմար է ոչ թե քանդել շենքը, այլ այն կապիտալ վերանորոգել:
Նշենք, որ ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանը կառուցվել է ճարտարապետներ Ա.Թարխանյանի, Ս. Խաչատրյանի, Լ.Չերկեզյանի, Ժ.Շեխլյանի, Ա.Տիգրանյանի, Ա.Մեսչյանի և կոնստրուկտոր Ս. Բաղդասարյանի նախագծով, և շահագործման է հանձնվել 1980 թվականին: 2002 թվականի հունիսից օդանավակայանը 30 տարով հավատարմագրային կառավարման է հաձնվել ՙԱրմենիա-Միջազգային օդանավակայաններ՚ ընկերությանը, որի սեփականատերն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: