Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան իր այցի ընթացքում Հայաստանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման անհրաժեշտության մասին չի խոսել: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին`խոսելով Հայաստանի համար եվրաասոցացման առանձնահատուկ մոդել գտնելու անհրաժեշտության վերաբերյալ Օլանդի հայտարարության տարբեր մեկնաբանությունների մասին:
ՙՖրանսիայի առաջնորդն ընդամենը հանդես է եկել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի շարունակման օգտին՚,- նշել է լեհ դիվանագետը: Նրա խոսքով, այժմ կարևոր է հասկանալ, թե Ասոցացման վերաբերյալ փաստաթղթի որ կետերն արդյունավետ կլինեն Հայաստանի համար: ՙՀայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում են համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին` այն կետերի շուրջ, որոնք չեն հակասի Մաքսային միությանը հանրապետության ինտեգրմանը: Սակայն, ողջ հարցն այն է, որ երկիրը դեռ չի անդամակցել այդ կառույցին, և հայտնի չէ, թե ինչ սկզբունքների մասին է խոսքը՚,- ընդգծել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե որքանով է հեռանկարային ԵՄ ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրի հետագա գոյությունը, եթե վերջինիս 6 մասնակցից միայն 2-ն է պատրաստ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը` Ռաչինսկին նշել է. ՙԾրագիրը մնում է օրակարգում և չի կորցրել ուժը՚: Նրա խոսքով, Ասոցացման ծրագիրը մշակելիս Եվրամիությունը տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրողությունները փոխելու նպատակ չի հետապնդել: ՙԱյդ ծրագրի հիմնական նպատակը ԵՄ հետ անդամ երկրների ավելի սերտ համագործակցության ապահովումն էր՚,- նշել է նա` ավելացնելով, որ որոշ երկրների համար առաջադրված նպատակներն արդեն իրականացվել են:
ՙԿիևն արդեն ստորագրել է Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը և տնտեսական բաղադրիչն ստորագրելու պատրաստակամություն հայտնել: Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու ցանկություն հայտնած Մոլդովայի և Վրաստանի համար տարբեր արտոնություններ են գործում: Օրինակ` Մոլդովայի քաղաքացիներն առանց վիզայի ԵՄ այցելելու հնարավորություն ունեն: Վրաստանի համար չեղյալ են հայտարարվել մաքսատուրքերը, և ընթացիկ տարվա հունիսին նախատեսվում է այդ երկրների հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում՚,- ամփոփել է դիվանագետը: