«Բաց երկինք»
քաղաքականության շրջանակներում Հայաստանն
ակտիվորեն ու հետևողականորեն աշխատում է բյուջետային ավիաընկերություններ
ներգրավելու ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ
էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, հրաժարվելով, սակայն, նշել, թե ում հետ են
ընթանում բանակցությունները:
«Մենք այդ հարցով
հետևողականորեն աշխատում ենք և շուտով կլսեք նորությունները»,-ասել է նախարարը: Նա
նաև նշել է, որ բյուջետային ավիաընկերությունների Հայաստանի շուկա դուրս գալը
կարող է պրոբլեմներ ստեղծել մյուս ավիաընկերությունների համար, դրա համար էլ
անհրաժեշտ է իրականացնել հավասարակշռված քաղաքականություն: «Բյուջետային
ընկերություններն ավելի հեշտությամբ են շուկա դուրս գալիս, բայց նրանց գալը կարող
է պրոբլեմներ ստեղծել մյուս ավիաընկերությունների համար: Այս հարցում պետք է հաշվի
առնվեն բոլոր կողմերի շահերը»,-ասել է նախարարը:
Ավելի
վաղ հայտարարվել էր, որ 2014 թվականին Հայաստանը պատրաստվում է օդային
փոխադրումների ազատականացման համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի, Իրանի,
Թուրքմենստանի, Իրաքի և Քուվեյթի հետ: Առաջին նման համաձայնագիրն ստորագրվել էր
ԱՄՆ, իսկ այնուհետև` ԱՄԷ և Ռուսաստանի հետ: Ռուսական «Աէրոֆլոտ», «S7»,
«Տրանսաէրո», ինչպես նաև flydubai
և Air Arabia ընկերություններն արդեն
ավելացրել են թռիչքների հաճախականությունը: 2015 թվականի գարնանը Հայստանում
սպասվում է ավիափոխադրումների բում, ինչը պայմանավորված կլինի «բաց երկրքի»
քաղաքականությունով: