Երևանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունները ռազմավարական նշանակություն ունեն մեզ համար, քանի որ մենք Երևանը Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատելու նպատակ ենք դրել մեր առջև, ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՙԱյսօր, երբ բոլոր հիմքերն ունենք հավաստելու, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ է տիրում, իսկ կառավարող վարչակարգը երբեք այդքան թույլ չի եղել, մենք պետք է օգտվենք իրավիճակից և անհաշտ պայքար սկսենք: Մեր նպատակը կիսում են Հայաստանի հիմնական քաղաքական ուժեր`ՀՅԴ, ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՙԺառանգություն՚: Եվ այդպես մենք պետք է միասին դեպի հաղթանակ գնանք՚,- հայտարարել է քաղաքական գործիչը:
ՀԱԿ համագումարի ժամանակ իր ելույթում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանն իր հերթին նշել է ընդդիմադիր կուսակցությունների համագործակցության համար հիմքերի առկայությունը`ընդգծելով Երևանում ընդդիմության իշխանության հաստատման հնարավորությունը: Իսկ ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը
հայտարարել է, որ քաղաքական ուժերի համախմբման հարցը, ինչը ենթադրում է միավորում առողջ քաղաքական ուժի շուրջը, բարձրացվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից դեռ մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները:
ՀԱԿ համագումարն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դահլիճում ներկա են Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները`Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ և ՙԲարգավաճ Հայաստանի՚`Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ: