Beeline-ը Տեխնոլոգիական Զարգացման
Կենտրոնի հետ համատեղ հայտարարում են App Armenia համակարգի գործարկման մասին։ App
Armenia-ն բջջային հավելվածների և մոբայլ նախագծերի համար նախատեսված հարթակ
է`ուղղված բջջային հայալեզու բովանդակությունը զարգացմանը ։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի
ծառայությունից, App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web և
Mobile: App.am կայքը օգտատերերին հնարավորություն է
ընձեռում գրանցվել և ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային
ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App
Armenia բջջային հավելվածը հասնելի է
Android և iOS համակարգով աշխատող հեռախոսների համար և այն կարելի է
ներբեռնել Play Store և App Store մարքեթներից։
«Beeline–ը, հանդիսանալով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր, իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված
հայալեզու բջջային հավելվածների և բովանդակության զարգացմանը։ Այս տարվա ընթացքում
մենք գործարկել ենք մի քանի բջջային հավելվածներ, որոնք հարմարեցված են հայ
հասարակությանը եւ հայերեն լեզվին: Համոզված եմ, որ այս ծրագիրը ոչ միայն կօգնի
կյանքը դարձնել ավելի լավ, այլ մեծապես կնպաստի հայալեզու բջջային հավելվածների
շուկայի զարգացմանը և զարգացման մեծ ներուժ ունեցող բնագավառում կխթանի
երիտասարդների ներգրավածությունը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն
Անդրեյ Պյատախինը:
«Այս համակարգի գործարկումը ևս մեկ լուրջ քայլ է հայալեզու բջջային
հավելվածների զարգացման գործընթացում։ Այսօր յուրաքանչյուր մարդու սմարթֆոնում կան
ներբեռնված օգտակար բջջային հավելվածներ և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ,
որպեսզի App Armenia-ն դառնա արդյունավետ գործիք և պահանջված լինի օգտատերերի և
բովանդակություն ստեղծողների կողմից»,– նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն»
hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:
Ծրագրի շրջանակում առանցքային ուղղություններից մեկը հայալեզու բջջային
նախագծերի ներկայացումն է, ինչպես նաև դրանց վերաբերյալ իրազեկման և
տեղեկատվության տարածումը: Միևնույն ժամանակ App Armenia համակարգը թույլ է տալիս
օգտատերերին իրենց պաստառներով, ձայնային և ազդանշանային ֆայլերով կիսվել
համակարգի այլ մասնակիցների հետ:
Հավելենք, որ App.am կայքում
հրապարակվում են նաև բջջային հավելվածների մասին նորություններ և հավելվածները
ներկայացնող նյութեր: Ավելին, հայալեզու ցանկացած բջջային հավելված կարող է
գրանցվել համակարգում և ստանալ տեղեկատվություն ներկայացնելու հնարավորություն:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է
«ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի
խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ
գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն
ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են
ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային
կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության
ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում,
Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում,
Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում:
«ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն.
ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները
ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada»,
«Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:
2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 223
միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: