Հայաստանի իշխանություններն առաջիկա հինգ տարին չեն կառավարի, քանի որ չեն վայելում հասարակության աջակցությունը: Այդ մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՆոր Հայաստան՚ ընդդիմադիր շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՙՉեմ ուզում կանխատեսել վատթարագույն սցենար, սակայն համոզված եմ, որ նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել, կամ մեր երկրը վերջնականապես կդատարկվի, կամ իրավիճակը կբարելավվի՚, - ընդգծել է նա: Ընդ որում քաղաքական գործիչը նշել է, որ ՙՆոր Հայաստան՚ շարժման հետագա քայլերը կախված կլինեն Երևանի ավագանու խորհրդի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակից:
Հովհաննիսյանը նաև նկատել է, որ ապրիլի 9-ից հետո Հայաստանի հասարակության շրջանում մնացել է դատարկ տեղ, որը, հայտնի չէ, թե ինչով կլցվի: Նրա ասելով, Հայաստանի մարզեր իր այցերի ընթացքում ինքը նկատել է, որ հասարակության շրջանում ի հայտ է եկել թերասություն և, նույնիսկ, որոշ հիասթափություն: ՙՇատերն սպասում էին հաղթանակի րոպեին, շատերը ցանկանում էին արյունահեղություն, սակայն, բարեբախտաբար, հաջողվեց խուսափել զոհերից: Անշուշտ, ես սխալներ եմ թույլ տվել, սակայն անսխալական մարդ չկա՚, - նշել է Հովհաննիսյանը:
Նա նաև նշել է, թե մտադիր չէ ՙակն ընդ ական՚ պատասխանել այն քաղաքական գործիչներին, որոնք դադարել են աջակցել շարժմանը ապրիլի 9-ից հետո: Միայն համախմբման միջոցով կարելի է երկիրը փրկել, և ես այսօր, ինչպես և միշտ, պատրաստ եմ համագործակցել գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ՚, - հայտարարել է քաղաքական գործիչը: Նա նաև նշել է, թե ուրախ կլինի, եթե Նախախորհրդարանին հաջողվի իր շուրջ համախմբել հասարակությունը և անել այն, ինչ, հնարավոր է, դեռ չի արվել:
ՙՆախախորհրդարանի նախաձեռնողներից մեկը` Ժիրայր Սեֆիլյանը, Ղարաբաղյան պատերազմի հերոս է, և եթե նա կարողանա անել այն, ինչ ես, հնարավոր է, չեմ կարողացել, դա միայն իմ կողմից ողջունելի կլինի՚, - ասել է քաղաքական գործիչը: Հովհաննիսյանը հաղորդել է, որ ՙԲարև, Երևանն՚ ընդդիմության հետ մրցակցության մեջ չի մտնում և պատրաստ է Ազատության հրապարակը զիջել այլ ընդդիմադիր ուժերի հանրահավաքների համար: