Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձի`հուլիսի 20-ից նախատեսվող թանկացման դեմ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ոստիկանությունը սկզբում փորձել է խոչընդոտել ակցիայի անցկացմանը: Իրենց գործողություններն իրավապահները պատճառաբանել են այն բանով, որ այն խանգարում է քաղաքապետարանի նորմալ աշխատանքին, ինչին ի պատասխան հնչել են բացականչություններ, որ քաղաքապետարանի աշխատանքն է խանգարում քաղաքացիների կյանքին: Արդյունքում ակցիայի մասնակիցներին հաջողվել է մոտենալ քաղաքապետարանի շենքին, որտեղ նրանք նստացույց են սկսել քաղաքապետարանի կենտրոնական մուտքի աստիճանների վրա:
Ինչպես նշել է ուսանող Նարեկ Բաբայանը, նա տրանսպորտի վրա ամսական 6 հազար դրամ է ծախսում, և ուղեվարձի թանկացումն զգալի հարված կլինի իր բյուջեին: Բլոգեր Իզաբելլա Աբգարյանն իր հերթին ուղեվարձի թանկացումը ՙժողովրդի թալան՚ է անվանել: Նա նշել է, որ հանրային փոխադրումներն ստվերային բիզնես է, որտեղ հաշվի չի առնվում ուղևորների հսկայական քանակը, ովքեր տեղ են հասնում կանգնած: Ակցիայի մասնակիցներին միացել է նաև ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ով նշել է, որ տեղի է ունենում ուղեվարձի արհեստական բարձրացում: Նրա խոսքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը միկրոավտոբուսների երկու երթուղիների`15 և 32, սեփականատեր է:
Ակցիայի մասնակիցներին մոտեցել է քաղաքապետի խորհրդական Ալբերդ Գևորգյանը, ով հաղորդել է, որ գազի գնի աճը որևէ կապ չունի քաղաքային տրանսպորտի երթևեկության արժեքի բարձրացման հետ, թանկացել է դիզելային վառելիքը`270-ից մինչև 470 դրամ: Լրագրողների այն հարցին, թե արդյոք խորհրդականն օգտվում է քաղաքային տրանսպորտից, Գևորգյանը հայտարարել է, որ աշխատանքի է գալիս ոտքով, քանի որ ապրում է քաղաքապետարանի հարևանությամբ:
Արդյունքում խորհրդականի կողմն են նետվել 50-դրամանոց մետաղադրամներ. հենց այդքանով է թանկանում տրանսպորտի ուղեվարձը: Դրանից մեկը դիպչել է խորհրդականի գլխին, ինչից հետո վիրավորված Գևորգյանը նախընտրել է հեռանալ: