«ԱՄՆ Պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնում հուլիսի 31-ից Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում իրավիճակի սրման
առնչությամբ: Մենք ցավակցություն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին և բոլոր կողմերին կոչ ենք
անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և հարգել
հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագիրը»: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի
կայքը, այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյն Փսակին` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության
գոտում առկա իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` օգոստոսի 8-9-ը
Սոչիում Ռուսաստանի ղեկավարի հետ կայանալիք հանդիպմանը:
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Պատասխան միջոցներն ու հետագա բռնությունը միայն կբարդացնեն խաղաղ կարգավորման
հնարավորությունը: Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկը, հավատարիմ ենք մնում
բոլոր կողմերին աջակցության տրամադրմանը` ղարաբաղյան հակամարտության
հաստատուն կարգավորման հասնելու գործում», - նշել
է Փսակին:
Նա ընդսմին
նշել է, որ Ռուսաստանի ղեկավար Պուտինի հետ ՀՀ և ԱՀ ղեկավարների առաջիկա հանդիպման
վերաբերյալ քննարկում չի եղել, սակայն ԱՄՆ ավանդաբար պաշտպանել է այդ հարցի
կարգավորման շուրջ երկխոսության հաստատմանը նպատակաուղղված հանդիպումները: «Ռուսաստանը նույնպես
մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության սրման առնչությամբ», - նշել է նա:
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների
միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա ԱՄՆ-ում, Փսակին նշել է. «Ես պաշտոնական տեղեկատվություն չունեմ ԱՄՆ-ում նման հանդիպում ծրագրելու վերաբերյալ:
Այդ մասին մեզ չեն հաղորդել: Բայց ես կարող եմ ստուգել այդ տեղեկատվությունը:
Հնարավոր է` դրանք սովորական բամբասանք են»: