Եվրոպական խորհրդարանի անդամներ Էլենի Թեոխարուսը, Ֆրանկ
Էնգելը, Տատյանա Ժդանոկան, Էվալդ Շտադլերը, Ինակի Իրազաբալբեյտան, Միշել Ռիվազին,
ինչպես նաև Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն հրադադարի մասին
համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ԱԳՆ
մամուլի ծառայությունից,
պատգամավորները, մասնավորապես, նշել են, որ համաձայնագրով
հաստատված փխրուն խաղաղությունը ոչ միայն թույլ է տվել խուսափել հակամարտության
սրացումից և հետագա մարդկային կորուստներից, այլ հնարավորություն է ստեղծել
հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման համար:
«Ցավոք, չնայած բոլոր ջանքերին, հրադադարի 20 տարիները
չեն վերածվել երկարատև և կայուն խաղաղության: Դեռ, ժամանակ առ ժամանակ, մենք
տագնապալի լուրեր ենք ստանում շփման գծում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերի
մասին, որոնք երկու կողմերում երիտասարդ զինվորների կորուստների պատճառ են դառնում
և կարող են հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսմանը», - ասվում է
հայտարարությունում:
Պատգամավորները հիշեցրել են, որ հաշվի առնելով Հարավային
Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը Եվրոպական միության համար և
Հարավային Կովկասը կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջան
դարձնելու անհրաժեշտությունը, ԵՄ-ն իր բանաձևերում կոչ է արել համապատասխան
իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև խուսափել սադրիչ
քաղաքականությունից և հռետորաբանությունից, ռազմաշունչ հայտարարություններից և
պատմության աղավաղումից:
Պատգամավորները բարձր են գնահատել այն փաստը, որ
Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել են հակամարտությունը
բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հավատարմությունը՝ ԵԱՀԿ բանակցային
գործընթացի շրջանակներում: Նրանք բազմիցս հայտնել են դիպուկահարներին շփման գծից
հետ քաշելու իրենց պատրաստակամությունը՝ որպես վստահության և անվտանգության
ամրապնդման միջոց:
«Մենք կցանկանայինք օգտագործել այս տարեդարձը, որպեսզի
Ադրբեջանի իշխանություններին կոչ անել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից և
հայ-ադրբեջանական սահմանից՝ խուսափելու հակամարտության հետագա սրացումից: Կարևոր է
նաև այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը պարտավորվի հետևել հակամարտության
բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին», - ասվում է հայտարարությունում:
Պատգամավորները
կոչ են արել Եվրոպական միությանը նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
ջանքերին՝ խթանելու կողմերի միջև խաղաղությունը և ըմբռնումը հակամարտության խաղաղ
կարգավորումը հնարավոր դարձնելու համար, որպեսզի Եվրոպային հարիր մարդու
իրավունքներն ու ազատությունները հասանելի լինեն նաև իր հարևանության համար: