Թուրքիայում շատերը չգիտեն, որ ցեղասպանություն տերմինն սկսել է օգտագործվել հենց Հայոց ցեղասպանությունից հետո. այն շրջանառության մեջ է դրել Ռաֆայել Լեմկինը`ընդգծելով. ՙԵս այդ տերմինն ստեղծել եմ հայերի հետ տեղի ունեցածը պատմելու համար՚: Այդ մասին Zaman-ին հարցազրույցում հայտարարել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը:
ՙԵվ մենք դրանից հետո քննարկում ենք` 1915թ.-ին ցեղասպանություն եղել է, թե՞ ոչ։ 1915 թ. իրադարձությունները հերքող շրջանակները, օգտվելով ժողովրդի պատմական անիրազեկությունից, ցանկանում են կասկածի տակ դնել այդ հարցը՚,- հայտարարել է նա`ընդգծելով, որ ամենից առաջ թուրքերը պետք է սովորեն ճիշտը խոսել 20-րդ դարասկզբի պատմական իրադարձությունների մասին:
Աքչամի կարծիքով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո
երկրորդ կարևոր քայլը սահմանները բացելը կլինի։ ՙԱնցյալի խնդիրների լուծումը միայն և միայն այսօրվա հարաբերությունների կարգավորմամբ է հնարավոր։ Սահմանները փակ պահելով և դիվանագիտական հարաբերություններ չհաստատելով՝ խնդիրները չես լուծի՚,- ասել է նա`ավելացնելով, որ երրորդ քայլը Անկարայի կողմից ներողություն խնդրելը պետք է լինի:
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան պետք է հրաժարվի Ադրբեջանին հովանավորելուց: ՙԱնկարան Բաքվից թույլտվություն է խնդրում նույնիսկ իր օդային տարածքով չվերթների իրականացման համար: Հայ-թուրքական արձանագրությունները ևս չվավերացվեցին Բաքվի ճնշման ներքո: Հուսով եմ, որ քրդական հարցը լուծելու հարցում համարձակ քայլեր ձեռնարկող Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում էլ նման համարձակ քայլեր կանի՚,- ասել է Թաներ Աքչամը: