ՙՉենք վճարելու 150 դրամ՚ շարժման բողոքի ակցիան կառավարության շենքի մոտից ՙվերատեղակայվել է՚ քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է Ավագանու խորհրդի արտակարգ նիստ` քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ, ինչից հետո նա հանդես է գալու հայտարարությամբ հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը իրադարձության վայրից, ակցիայի մասնակիցները Տարոն Մարգարյանի համար ՙընծա՚ տորթ են բերել, որի վրա կրեմով պատկերված է ՙ50՚ (հենց այդքան դրամով է բարձրացվել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը – խմբ.): Սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չեն շտապել վերցնել ՙընծան՚: Իսկ ակցիայի մասնակիցները փորձել են նրանց համոզել չհրաժարվել համեղ դեսերտից: ՙՏորթը շատ համեղ է` ելակով ու բանոնով՚, - համոզել են ակտիվիստները քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք, ի վերջո, տեղի են տվել ակտիվիստների հորդորներին և խորհուրդներին, և մայրաքաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն իջել է ակտիվիստների մոտ, վերցրել տորթն ու այն տարել քաղաքապետարան:
Հիշեցնենք, որ առավոտյան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առջև, որտեղ ընթանում էր կառավարության նիստը, հետո շարժվել դեպի քաղաքապետարան: