2013 թվականի հունվար-հոկտեմբերին ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արագացել է մոտ 0,3 օրով կամ 10%-ով: Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-հոկտեմբերին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3 օր:
Մեկ վագոնի միջին օրեկան արտադրողականությունը 2013 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է 4966 տկմ նետտո/վագոն, ինչը 12,7%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 393,2 լոկ-կմ, ինչը 8,4%-ով գերազանցում է 2012-ի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է ՙՀայկական երկաթուղիներ՚ ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: