ՀՅԴ կուսակցությունը հանդես է
եկել հայտարարությամբ, որում վճռականորեն դատապարտել է Թուրքիայից իսլամական
գրոհայինների հարձակումները Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա:
Հայտարարության համաձայն, Սիրիայում կռվող գրոհայինները մեծագույն վտանգ են ներկայացնում Սիրիայի քրիստոնյա փոքրամասնության համար, և հայաբնակ Քեսաբի ու շրջակա գյուղերի վրա վերջին կատաղի հարձակումները նորագույն օրինակն են այն բռնության, որ գործուն կերպով քաջալերվում է հարևան Թուրքիայի կողմից։
«Կոչ ենք անում բոլոր պետություններին, որոնք ազդեցություն ունեն Սուրիայի հակամարտության մեջ, գործածել իրենց տրամադրելի բոլոր միջոցները՝ Քեսաբի խաղաղ բնակչության դեմ այս հարձակումներին վերջ դնելու եւ թույլ տալու նրանց՝ ապահով եւ անվտանգ վերադառնալու իրենց տները։ Վերջին հարյուր տարվան մեջ, այս երրորդ անգամն է, որ հայությանը պարտադրվում է հեռանալ Քեսաբից. երեք դեպքերում էլ Թուրքիան կամ հարձակողն է կամ՝ հարձակողներին աջակցողը։ Միաժամանակ, անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը զսպի Թուրքիային, որպեսզի վերջինս դադարեցնի իր հակահայ այս եւ նման գործողությունները, եւ ընդհանրապես Հայաստանի ու հայության դէմ իր թշնամական քաղաքականությունը», - ասվում է ՀՅԴ հայտարարությունում:
Ս.Դ.Հնչակյան կուսակցությունն իր հերթին Հայաստանի ԱԳՆ-ից պահանջում է ապահովել
Քեսաբի հայերի անվտանգությունը: Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային օրենքներն ու պարտավորվածությունները, գնդակոծել է Քեսաբի հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել, որպեսզի ապստամբները կարողանան գրավել Քեսաբը: Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը պաշտոնական Երևանից պահանջում
է միջազգային բոլոր հնարավոր ատյաններում բարձրացնել Քեսաբի խնդիրը և պահանջել Թուրքիայից դադարեցնել հայերի տեղահանման հերթական ցեղասպան ծրագիրը:
Ավելացնենք, որ այս առնչությամբ մարտի 24-ին ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խորհրդարանի նիստում նշել է, որ
իսլամականների հարձակման հետևանքով Հայաստանը կարող է կորցնել հայկական հնագույն
համայնքներից մեկը Մերձավոր արևելքում: Պատգամավորը ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանից
հետաքրքրվել է, թե ինչ գործողություններ է մտադիր ձեռնարկել Երևանը, և արդյոք այդ
հարցի շուրջ ԱԳՆ հետ խորհրդատվությունների անհրաժեշտություն կա: Ի պատասխան`
Աբրահամյանը նշել է, որ, իրոք, սիրիահայերին առնչվող իրավիճակը չափազանց բարդ է:
«Ավելի ճիշտ կլինի, եթե հրավիրենք արտգործնախարարին կամ ԱԳՆ ներկայացուցչի, ով
կներկայացնի իրավիճակը: Այդուհանդերձ, Հայաստանն այլ պետության գործերին
միջամտելու լիազորություն չունի», - ասել է նա: