Եվրամիությունը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ երկխոսությունը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՙՄենք այդ հարցը քննարկել ենք ԵՄ նախագահող Լիտվայի արտգործնախարարի հետ հանդիպմանը: Մենք հանդիպել ենք նաև եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, ինչից հետո ցանկություն ենք հայտնել համագործակցելու հնարավոր բոլոր ձևաչափերով և եղանակներով: Մենք ցանկանում ենք ԵՄ հետ սերտ փոխգործակցություն և մեր հարաբերություններում արձանագրված առաջընթացի հետագա շարունակում: Մենք մտադիր ենք փոխգործակցել հնարավոր բոլոր ուղղություններով, որոնք չեն հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության տրամաբանությանը՚, - նշել է արտգործնախարարը:
Նրա ասելով, Բրյուսելի կաղմից նույնպես առկա է փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն և ցանկություն: Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը, որոնք պնդում են, թե այսօր փակ քննարկման ընթացքում արտգործնախարարը սպառիչ պատասխան չի տվել ոչ մի հարցի, Նալբանդյանը հայտարարել է, որ ընդդիմադիր գործընկերները, պարզապես, չեն ցանկացել իրեն մինչև վերջ լսել:
Ավելացնենք, որ քննարկումը նախաձեռնել էր խորհրդարանը: Պատգամավորները մտադիր էին ստանալ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և Վիլնյուսում ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հեռանկարներին առնչվող հարցերի պատասխանները: