Հարավային Կովկասն այսօր, ինչպես երբեք, միջազգային հանրության աջակցության կարիքն ունի, քանի որ առայժմ տեսանելի չեն հակամարտությունների լուծման հեռանկարները և դեռևս առկա է դրանց վերսկսման հնարավորությունը: Ինչպես հաղորդում է ՙՆովոստի Գրուզիի՚ գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ՆԱՏՕ Rose-Roth Խորհրդարանական վեհաժողովի 83-րդ սեմինարում, որը բացվել է ապրիլի 29-ին, Թբիլիսիում և կշարունակվի մինչև մայիսի 1-ը: Սեմինարն ընթանում է ՙՀարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, եվրաինտեգրում և ներքին մարտահրավերներ՚ թեմայով:
ՙՑավոք, մեր տարածաշրջանում դեռ առկա է հակամարտությունների վտանգը: Տարածաշրջանը ձևավորվեց որպես ետխորհրդային տրանսֆորմացիայի ամենաբարդ գոտիներից մեկը: Այս փոքր տարածքում առկա են 3 միջպետական և 3 տարածաշրջանային հակամարտություններ: Այդ հակամարտությունների կարգավորման հեռանկարները դեռևս հստակորեն չեն մատնանշվում: Հարավային Կովկասն այսօր, ինչպես երբեք, միջազգային հանրության աջակցության կարիքն ունի՚,-նշել է նա: Նրա կարծիքով, հակամարտությունների կարգավորման նպատակով ստեղծված բոլոր մեխանիզմներն էլ առայժմ գործնական արդյունքներ չեն տվել:
Խոսելով ռուս-վրացական հակամարտությունից, Իվանիշվիլին հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսի դեպքերը Վրաստանի համար շատ բարդ էին: ՙՕկուպացիայի է ենթարկվել Վրաստանի տարածքի 20%-ը: 2008 թվականի օգոստոսին վրաց ժողովրդի դեմ կրկին իրականացվեց բռնի հանցագործություն` էթնիկ զտում, ինչն իրականացվել էր Աբխազիայում, 90-ական թվականներին՚,-նշել է վարչապետը: Նրա խոսքերով, երկրի կառավարության անհետաձգելի խնդիր է այդ տարածքներից բռնի տեղահանվածների արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ: