Թուրքիայում զինվորական հեղաշրջում իրականացնելու հնարավորություն չկա: Հունիսի 10-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Փորձագետի ասելով, դրա վկայությունը թուրքական բանակի անտարբերությունն է Գեզի զբոսայգու ակտիվիստների և իշխանության միջև բախումների ընթացքում: ՙՎարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը հաջողվել է բանակը զերծ պահել քաղաքականությունից: Բացի այդ, թուրք սպաների մտածելակերպը կտրուկ փոխվել է: Կրոնական դպրոցների շրջանավարտներին թույլ են տվել ստանալ բարձրագույն կրթույթուն, և համալսրաններն ավարտելուց հետո նրանց մի մասը սպա է դարձել: Եվ այժմ բանակի ղեկավարությունը մտավախություն ունի, որ նրանք, պարզապես, հրամանները չեն կատարի և չեն միջամտի երկրում առկա գործընթացներին՚, - նշել է Սաֆրաստյանը:
Նա նաև ընդգծել է, որ Գեզի զբոսայգուն առնչվող իրավիճակը ձեռնտու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: ՙ2014 թվականին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահի ընտրություններ: Նախատեսվում է նաև մինչև ընտրությունները նոր սահմանադրության ընդունում, որը ենթադրում է երկրի կառավարման համակարգի փոփոխություն: Գաղտնիք չէ, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դառնալ նախագահ, որը, այդ փոփոխությունների համաձայն, ավելի լայն լիազորություններ կունենա: Սակայն վերջին իրադարձությունների արդյունքում պարզ դարձավ, որ Էրդողանն իրեն չի կարող դրսևորել որպես համազգային առաջնորդ, որը լսում է հասարակայնության ձայնը՚, - նշել է փորձագետը: Ընդ որում արևելագետն ընդգծել է, որ Էրդողանի հայտարարությունները և նրա վարքագիծը երկրում ընթացող իրադարձությունների ընթացքում վիրավորական էին, առաջին հերթին, Գեզի զբոսայգու ակտիվիստների և զանգվածային բողոքի մասնակիցների նկատմամբ, որոնց թվում կան նաև թուրք մտավորականության ներկայացուցիչներ: ՙԿարելի է կանխատեսել, որ դա լուրջ հարված կլինի Էրդողանի հեղինակությանը, և այդ ֆոնին Գյուլը հաղթող է թվում՚, - հայտարարել է նա: