Ցանկացած երկրի տնտեսություն ունի իր նեղ պարանոցը, Հայաստանի պարագայում
դա տրանսպորտային պրոբլեմն է: «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նման
կարծիք է արտահայտել ռուսաստանյան հայտնի գործարար, «Գաղափար» ֆոնդի հիմնադիր և
ղեկավար Ռուբեն Վարդանյանը, խոսելով «Բաց երկինք» նախագծին, իր մասնակցության
պատճառների մասին, որն իրականացվում է McKinsey միջազգային խորհրդատվական խմբի մասնակցությամբ:
«Երբ տեսնում ես, թե ինչ է
հարկավոր անել, որպեսզի Հայաստանում ավելի հեշտ լինի ապրելը, լինեն մարդկանց
ինքնակայացման ավելի մեծ հնարավորություններ, և որպես մարդ, որը հավատում է իր
երկրի մեծ ապագային, որ այն կարող է դառնալ շատ լավ մի երկիր, ապա անհրաժեշ է
լուծել այնպիսի խնդիրներ, որոնք առանցքային են տնտեսության համար: Առաջին հերթին,
անհրժեշտ է հայկական վերնախավին համոզել, որ անհրաժեշտ է ունենալ հնարավորին չափով
ավելի շատ ավիաընկերություններ, Երևանի հետ կապի ավելի շատ կետեր, և այդ
տեսանկյունից բաց երկնքի հայեցակարգը թույլ կտա հասնել այդ նպատակին»,- ընդգծել է
գործարարը: Սակայն այստեղ առաջանում է մի շատ բարդ հարց ևս, իսկ ազգային
ավիափոխադրողը՞: «Ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի երկրում լինի ազգային
ավիափոխադրող, որը կթռչի դեպի «Բաց երկինք», բայց նա պետք է մրցակցի մյուս
ավիաընկերությունների հետ, շուկայական պայմաններով, ինչն այնքան էլ հեշտ չէ: Դա
շատ բարդ մոդել է, բայց եթե ցանկանում ենք, որպեսզի 700 հազարի փոխարեն Հայաստան
այցելի տարեկան 2 մլն.մարդ, ինչը հսկայական թափ կհաղորդի երկրի տնտեսությանը,
տուրիզմի ենթակառուցվածքների զարգացմանը, ստեղծելով լրացուցիչ 20 հազ.աշխատատեղ,
ապա անհրաժշտ է գնալ դրան: Դրա համար էլ հարկավոր է անել այնպես, որպեսզի ունենանք
շուկայական բաց երկինք, տարբեր ավիաընկերություններ, որոնք ավելի շատ ռեսուրսներ
կունենան, ավելի շատ փորձ և այդ առումով, իհարկե, նոր հայկական ավիաընկերության
համար շուկա դուրս գալն ավելի դժվար կլինի: Հարկավոր է օգնել այդ գործընթացին, բաց
միայն շուկայական պայմաններով, այլ ոչ թե մոնոպոլիզացիայի ու հերթական
խոչընդոտների միջոցով: 20-30 տարով երկարաժամկետ ապագայի տեսանկյունից եթե դիտենք,
ապա առանց դրա անհնար է փոխել մեր Հայաստանը»,-ընդգծել է Վարդանյանը:
Նշենք,
որ անցյալ տարվա կեսերին հայաստանյան ավիափոխադրումների մոնոպոլիստ հանդիսացող
«Արմավիա» ընկերությունը դարձավ անվճարունակ, ընկնելով պարտքերի մեջ: Օգտվելով
դրանից, օտարերկրյա ավիափոխադրողները բարձրացրեցին ավիատոմսերի առանց այդ էլ
անհիմն բարձր գները: Նախկինում զբաղվելով միայն օդային բեռնափոխադրումներով, իսկ
այժմ դուրս գալով նաև օդային ուղևորափոխադրումների շուկա, Air Armenia ընկերությունն արմատապես փոխեց
գների հետ կապված իրավիճակը, իջեցնելով դրանք մինչև արդարացի մակարդակի: Սակայն,
«բաց երկնքի» հայեցակարգը, որը ՀՀ կառավարությունը պատրաստել էր McKinsey միջազգային խորհրդատվական խմբի
մասնակցությամբ, շատ կոշտ պայմաններ ու պահանջներ է դնում ավիաընկերությունների
առջև, լրջորեն խոչընդոտելով երկրում սեփական քաղաքացիական ավիացիայի կայացմանը: