Ինչո՞վ է Ձեզ հիշվեց անցնող 2013 թվականը:
Ամենից առաջ համընդհանուր կեղծված նախագահական ընտրություններով, որոնք հիասթափության ևս մեկ ալիք բարձրացրեցին հայ հասարակությունում` նպաստելով Հայաստանից արտագաղթին: Զգալով, որ իրենք ոչինչ չեն որոշում սեփական երկրում` մարդիկ հեռանալու որոշում են կայացնում, և դա տրամաբանական է: Այդ պատճառով 2013 թ. 10 ամիսներին Հայաստանից հեռացել է 247 հազար մարդ: Աղքատության մակարդակով, ինչն արտագաղթի երկրորդ պատճառն է:
Չստեղծելով աշխատատեղեր` կառավարությունը մշատպես ավելացնում է հարկային բեռը: Հետևանքը միգրացիան է: Զանգվածային դժգոհություններ են հարուցել ՃԵԿ խախտումներն արձանագրող տեսախցիկները, կարմիր գծերը երևանյան փողոցներում, պարտադիր կենսաթոշակային բարեփոխումը: 2013 թ. իշխանությունների արտաքին քաղաքական գլխավոր ՙձեռքբերումն՚ այն էր, որ Հայաստանը դադարեց գործոն լինել իր իսկ արտաքին քաղաքականությունում, վերջնականապես կորցրեց խաղացողի կարգավիճակը: Մաքսային միությանն անդամակցելու կտրուկ մտադրությունը, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հրաժարվելը, Թուրքիայի հետ մերձեցման ուղղությամբ անհասկանալի քաղաքականությունը զուրկ էին որևէ հայեցակարգի հատկանիշից: Բոլոր այդ որոշումներն ընդունվել են հայեցողաբար`առանց քաղաքական կամքի դրսևորման: Արդյունքում Հայաստանը կորցրել է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի վստահությունը: Եվ այդ ամենը տեղի է ունեցել իրենց իշխանություն հռչակած մարդկանց նկատմամբ հայ հասարակության վստահության քվեի լիակատար բացակայության պայմաններում:
Ձեր խոսքերով, իշխանությունները կորցրել են վստահությունն ու կշիռն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրսում: Այնուամենայնիվ, պնդօղակ պտտելու քաղաքականությունը բնակչության նկատմամբ շարունակվում է: Միթե՞ իշխանությունները ճիշտ չեն գնահատում իրավիճակը:
Բնականաբար, իշխանությունները հիանալի տիրապետում են երկրում իրական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը: Նրանք շատ լավ հասկանում են, որ Եվրոպան Հայաստանին այլևս գումար չի տա, իսկ ռուսներն ու իրանցիներն իրենց չեն վստահում: Հետևաբար, դրսից ֆինանսական ներարկումների ակնկալիքներ չունենալով`ռեժիմը ձգտում է փոխհատուցել դրանք երկրի ներսում: Չէ որ, պետք է ինչ-որ կերպ պահպանել իշխանությունը, թոշակներ ու աշխատավարձեր տալ: Օլիգարխներին ՙստվերից՚ հարկային դաշտ դուրս բերել, ինչը պահանջում է տարրական տնտեսական նպատակահարմարությունը, իրենք չեն կարող: Չեն կարող բիզնեսի համար նպաստավոր պայմաններ, աշխատատեղեր ստեղծել: Թեև, նրանք այդ մասին չեն էլ մտածում: Այդ պատճառով գումար հայթայթելու և իշխանությունը պահպանելու այլ միջոց, պնդօղակը պտտելուց և տեռորն ուժեղացնելուց բացի, նրանք չունեն: Մինչդեռ, եթե իշխանությունը գոնե մի քիչ քաղաքական համարձակություն ունենար, կարող էր դուրս բերել Հայաստանին փակուղուց`հրաժարական տալով:
Դուք նշեցիք, որ Հայաստանը ոչ մի դաշնակից չունի: Մինչդեռ Եվրասիական ինտեգրմանը մասնակցելու Սերժ Սարգսյանի համաձայնությունը, կարծես, ապահովեց նրան առնվազն մեկ դաշնակից…
Եվրասիական ինտեգրմանը մասնակցելու Սերժ Սարգսյանի համաձայնությունը ոչ մի կերպ Ռուսաստանի դաշնակցություն չի ապահովել իրեն, քանի որ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահության բացակայության հետևանքով ամենից շատ տուժել են ռուսները:Իր ողջ նախագահության ընթացքում Սերժ Սարգսյանը պահմտոցի է խաղացել Արևմուտքի և Արևելքի միջև, և ՙԱրևելյան գործընկերությանը՚ մասնակցության նույն տարիները մեր ռազմավարական գործընկեր ռուսների հետ ոչ մի կերպ չեն համաձայնեցվել: Եթե Մաքսային միությանն անդամակցությունը մեր նախաձեռնությունը լիներ`պայմանավորված Հայաստանի իրական շահերով, այն Ռուսաստանի հետ համագործակցության հիանալի օրինակ կլիներ: Սակայն, Հայաստանի իշխանությունները ՄՄ են գնում բացառապես անայլընտրանքայնության հետևանքով`պայմանավորված իրենց անցյալի սխալներով և, որպես հետևանք, խոցելիությամբ: Հետևաբար, ՄՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտների մասին խոսելու հարկ չկա: Նույն ՙգազային՚ պարտքերի ձևավորման հարցում իշխանությունները, Մանուկյանի համոզմամբ, երեք տարի չեն վճարել սպառած գազի ամբողջական արժեքը`տարբերությունը պետբյուջեից կամ պետության սեփականությամբ վճարելու խոստումներ տալով: Մինչդեռ բյուջեում դրա համար որևէ դրամ նախատեսված չէր: Հիմա Տիգրան Սարգսյանն արդեն ռուսներին է տվել ՙՀայՌուսգազարդի՚ վերջին 20%-ը, և դեռ հայտնի չէ, թե ինչ է մտադիր տալ նրանց ապագայում: Հենց այդ պատճառով Մոսկվան արդարացիորեն Երևանին չի ընկալում որպես իրավահավասար գործընկեր: Այս համատեքստում, իհարկե, պետք է ընդգծել, որ բոլոր հիմնական թանկացումները Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններից հետո:
Ռուսաստանն ուժեղացնում է 102-րդ ռազմակայանը, վարձակալում ՙԷրեբունի՚ օդանավակայանը: Տպավորություն է ստեղծվում, թե մեր դաշնակիցներն ուժեղացնում են ոչ թե Հայաստանը, այլ ընդամենն իրենց ներկայությունը: Ի՞նչ նպատակով է դա արվում, և որքանո՞վ է դա համապատասխանում Հայաստանի շահերին:
ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումը, 102-րդ ռուսական ռազմակայանի ուժեղացումը, ՙԷրեբունի՚ օդանավակայանի վարձակալությունը պայմանավորված է անկանխատեսելի, անտրամաբանական քայլեր կատարող Հայաստանի իշխանությունների նկատմամբ Ռուսաստանի վստահության բացակայությամբ: Այդ պատճառով Մոսկվան ուղղակի ստիպված է զսպաշապիկ հագցնել քաղաքականապես անմեղսունակ Երևանին: Կրեմլի նման քաղաքականությունն ինձ համար անընդունելի է, քանի որ դրա հետևանքով մենք հետևողականորեն գնում ենք ինքնիշխանության, ինքնուրույն արտաքին քաղաքականության կորստի ճանապարհով: Սակայն, մեր իշխանություններից բացի, նման իրավիճակի այլ մեղավորներ փնտրելն անիմաստ է: 102-րդ ռազմակայանը Հայաստանում երեկ չի հայտնվել, այլ 90-ականն թթ. սկզբին`Հայաստանի նախաձեռնությամբ և հանուն վերջինիս շահերի: Բայց այն ձեռնտու էր նաև ռուսներին, ինչը չես ասի շահերի ու օբյեկտների հանձնման` Ռոբերտ Քոչարյանի օրոք սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքականության մասին:
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը սեպտեմբերի 3-ից հետո ավելի շատ հույսեր կապել Մոսկվայի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Այդ հարցին բավականին դժվար է պատասխանել`չտեղավորելով այն Ռուսաստանի շահերի շրջանակներում: Պարզ է, որ ստատուս-քվոյի 100-ամյա պահպանությունն, անշուշտ, ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ ԼՂՀ-ին, ոչ ընդհանրապես որևէ մեկին: Սակայն, կանխատեսել, թե ինչպիսին կլինեն Մոսկվայի շահերը Ղարաբաղի ուղղությամբ առաջիկա տարիներին, բավականին դժվար է: Համոզված եմ, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի, քանի որ այն խոչընդոտում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացմանը:
Արդյո՞ք Հայաստանն ինչ-որ եվրահեռանկարներ ունի:
Կարծում եմ, որ ճիշտ հարցադրման դեպքում Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրության, այսպես կոչված, խնդիրը նույնպես կարելի էր լուծել, քանի որ ռուս հասարակությունն էլ է դեպի Եվոպա ձգտում: Մինչդեռ Հայաստանում եվրոպական կամ եվրասիական ինտեգրման հարցը սուր է դրվել`որպես ընտրություն սևի ու սպիտակի միջև: Հայաստանին հարկավոր էր շարունակել ԱՄՆ օգնությունը, Եվրոպայի ժողովրդավարությունը և Ռուսաստանի անվտանգությունը համատեղող քաղաքականություն իրականացնել: Այդպիսի քաղաքականություն հաջողությամբ իրականացվել է երկար տարիներ, երբ Հայաստանը, ոչ ոքի ոչինչ չզիջելով, հաղթանակի է հասել Ղարաբաղում, ամերիկյան օգնություն ստացել Թուրքիայի տարածքով: Նման բան հնարավոր էր, քանի որ այդ ժամանակ Հայաստանը բազմաթիվ բարեկամաբար տրամադրված պետություններ ուներ իր կողքին: