Խոսակցությունները, թե Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունները մրցակցային չեն լինելու, վաղաժամ են: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով, ներկայումս ընթանում է թեկնածուների գրանցման գործընթացը, ինչից հետո տեղի կունենա նախընտրական արշավը, և յուրաքանչյուր թեկնածու հասարակությանն իր դիրքորոշումը, իր ծրագիրը ներկայացնելու հնարավորություն կունենա: Դրանից հետո միայն, կարելի կլինի խոսել`կա արդյոք քաղաքական մրցակցություն, թե՞ ոչ: ՙԹեկնածուների թվում կան հասարակությանը լավ հայտնի քաղաքական գործիչներ, ովքեր գործունեության հսկայական փորձ ունեն այդ բնագավառում: Եվ կարծում եմ, որ պայքարը հետաքրքիր է լինելու՚,- ասել է Մուկուչյանը:
Խոսելով ընտրություններին դիտորդների մասնակցության մասին`Մուկուչյանը նշել է, որ դիտորդական առաքելությանը կմասնակցեն միջազգային բոլոր այն կազմակերպությունները, որոնք մասնակցել են Ազգային ժողովի մայիսյան ընտրություններին: ՙՄոտ ժամանակներս կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները, կժամանեն նաև ԱՊՀ դիտորդները, Եվրախորհրդարանի ներկայացուցիչները: Որպես դիտորդ ընտրություններին մասնակցելու առաջարկով ԿԸՀ է դիմել նաև մեկ միջազգային հասարակական կազմակերպություն` ICES-ը: Մենք քննարկել ենք այդ հարցը, և հրավեր ուղարկել նաև այդ կազմակերպությանը: Տեղի
հասարակական կազմակերպություններից տվյալ պահին միայն մեկն է դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ ներկայացրել՚,- ասել է ԿԸՀ ղեկավարը: