ՙԹրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՚ դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Ինչպես հաղորդում է ՙԱզատություն՚ ռադիոկայանը, ՙԹրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՚ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Բաղրամյան 26 հասցեում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանին հասցեագրած դիմումով խնդրել է պարզել՝ ՙներքաղաքային փոխադրավարձը բաձրացնելիս քաղաքապետ Տարոն Մագարյանը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ՚:
Նույն դիմումի երկրորդ խնդրանանքն է պարզել՝ ՙՆերդրումները կառավարելիս քաղաքապետը չի՞ օգտագործել արդյոք պաշտոնական դիրքը և լիազորությունները՚:Դիմումի մեջ նշված է. ՙՎերջին օրերին, կապված ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ, առավել հաճախացել են հրապարակումները քաղաքապետի բիզնես-գործունեության, մասնավորապես, այն մասին, որ որոշ երթուղիներ սպասարկող կազմակերպություններ պատկանում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա մերձավոր ազգականներին՚:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակվել էր Երևանի քաղաքապետարանի պատասխանը, ըստ որի՝ մասնավորապես 5 և 32 երթուղիները սպասարկում է ՙՌոբերտ Տարոն՚ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Մամուլում պնդումներ կան, որ այդ ընկերությունը պատկանում է Տարոն Մարգարյանին և նրա աներձագին՝ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին:
Էթիկայի հանձնաժողովը վարույթ հարուցելու դեպքում պարտավոր է որոշում կայացնել մեկամսյա ժամկետում: Մինչ օրս այս հանձնաժողովի որոշման հիմքով որևէ անձ դեռ պաշտոնից չի զրկվել պաշտոնական լիազորությունների և բիզնեսի շահերի բախման պատճառով: