Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ լրացումներ է կատարել ՙԲնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին՚ օրենքում:
Ինչպես իր ելույթում նշել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, բժշկական գիտության և կենսաբանության զարգացումը, նոր տեխնոլոգիաների ներգրավումը թույլ են տալիս ընդլայնել և վերանայել մարդու լիարժեք և արժանավայել կյանքի իրավունքը մահացու վտանգ պարունակող հիվանդությունների առկայության դեպքում: Ներկայացված օրենքը նախատեսում է պետության կողմից անհրաժեշտ համալիր օգնության տրամադրում անբուժելի հիվանդին և նրա հարազատներին, ինչպես նաև մահամերձ հիվանդներին: Նախատեսվում է ինչպես բուժօգնություն, այնպես էլ` սոցիալ-հոգեբանական օգնություն: Նրա ասելով, ամեն տարի Հայաստանում մահանում է 20 հազար մարդ, որոնց 60 տոկոսը նման բժշկական ծառայությունների կարիք ունի: Առաջադրված խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ձևավորել համապատասխան ենթակառուցվածք, պատրաստել կադրեր:
Նախարարի ասելով, Հայաստանում պալիատիվ բժշկությունը, որպես բուժօգնության տեսակ, նոր երևույթ է: Այդ առնչությամբ առաջարկվում է սահմանել պալիատիվ բուժօգնություն հասկացությունը, ինչը թույլ կտա հետագայում շարունակել այդ հարցի կանոնակարգման աշխատանքը: Առողջապահության նախարարությանն իրավունք է տրվել սահմանել պալիատիվ օգնության ուղղությունները:
Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի եւ նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել հիվանդի ցավը եւ հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգեւոր եւ այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու եւ անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով: Մահացու հիվանդությամբ տառապող յուրաքանչյուր հիվանդ պալիատիվ օգնության իրավունք ունի: Ինչպես նշել է Դումանյանը, պալիատիվ օգնությունը թույլ չի տալիս էվթանազիա կամ ինքնասպանություն բժշկի միջնորդությամբ: