ՀՀ ԱԺ պատգամավորներն այսօր ՙՆաիրիտ՚ գործարանի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկում են նախաձեռնել:
Ներկայացնելով հանձնաժողովի ստեղծման նախագիծը` ՀՅԴ-ից պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ օրենսդիր մարմինը պետք է որոշկի ՙՆաիրիտի՚ հետագա ճակատագիրը:
Մինասյանի խոսքով, ավելի վաղ կառավարությունը հավաստիացրել էր, որ ջանք է գործադրում ՙՆաիրիտի՚ վերագործարկման ուղղությամբ, սակայն մինչ այժմ ոչինչ չի արվել, և կառավարությունն անպատասխան է թողել բոլոր հարցերը: ՙԱվելին, կառավարությունը կանխամտածված ՙՆաիրիտը՚ տանում է սնանկացման, իսկ դա նշանակում է, որ վերագործարկման հույսերը սպառված են, և փրկության շանսերը գործարանը չունի՚,- ասել է Մինասյանը:
Քննարկումների ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Մինասյանից հետաքրքրվել է, թե ՙՆաիրիտի՚ սնանկացման հետ ինչ կապ ունի ՀՀ վարչապետի եղբայրը:
Մինասյանը պատասխանել է, որ վարչապետի եղբայրն զբաղեցրել է գործարանի փոխտնօրենի պաշտոնը, սակայն սնանկացման գործընթացին նրա մեղսակցության մասին որևէ հստակ բան ասել չի կարող: