Հասկանալի է, որ ՙՆաիրիտ՚ գործարանի շուրջ խնդիրները պետք է բարձրաձայնվեն, բայց չքաղաքականացվեն, խորհրդարանում քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նա նշել է, որ ՙՆաիրիտը՚ թե’ խորհրդային, թե` հետխորհրդային ժամանակներում Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկն էր` իր խնդիրներով: ՙՙՆաիրիտում՚ աշխատում է 2500 մարդ, իհարկե, կան խնդիրներ: Մշտապես պնդում են, թե կառավարությունը ցանկանում է սնանկացնել գործարանը, բայց եթե դա այդպես լիներ, մենք դա կանեինք դեռ 3-4 տարի առաջ, քանի որ դրա համար համապատասխան նախադրյալներ մենք ունեինք: Մենք կվճարեինք աշխատավարձի պարտքերը, ինչը այդ պահին շատ ավելի քիչ էր, ու ամեն ինչ կավարտվեր: Սակայն, մենք գիտակցում ենք, որ գործարանի իրական արժեքը ոչ թե դրա սարքավորումն է, այլ աշխատակիցները՚,- հայտարարել է Մովսիսյանը:
Նա վաղաժամ է համարել ՙՆաիրիտի՚ շուրջ իրավիճակի ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ նախաձեռնությունը, քանի որ ՀՀ կառավարությունը ՙՆաիրիտի՚ աշխատանքի վերականգնման լայնամասշտաբ ծրագրի իրականացման շուրջ բանակցություններ է վարում ռուսական ՙՌոսնեվտի՚ հետ: ՙԺամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը կարգելակի այդ գործընթացը՚,- հավաստիացրել է նախարարը: Դրան չի համաձայնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարել է, որ աջակցում է հանձնաժողով ստեղծելու գաղափարին: Ավելին, նա հավաստիացրել է, որ մինչև ընթացիկ տարվա աշունը նման հանձնաժողով կստեղծվի: