Հայաստանի և Ռուսաստանի Տոմսկի մարզի գործարարների համագործակցության առաջնային ուղղություններն են հեռահաղորդակցությունը, բժշկությունը, կենսատեխնոլոգիաները, նանոտեխնոլոգիաները և զբոսաշրջությունը: Այդ մասին սեպտեմբերի 10-ին Երևանում գործարար հանդիպման ընթացքում հայտարարել է Տոմսկի Առեւտրաարդյունաբերական պալատի ձեռներեցության զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գումիլյովսկին:
Հայաստանի և Ռուսաստանի գործարարների հանդիպումը կազմակերպվել է Երևանի ԱԱՊ հետ համատեղ: Գումիլյուվսկին նշել է, որ Տոմսկի մարզում, որտեղ ապրում է ընդամենը 1 մլն բնակչություն, ավանդական վառելիքաէներգետիկ համալիրից բացի շատ զարգացած է կրթությունը և գիտատար արդյունաբերությունը:
Գումիլյովսկին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է, որ Տոմսկի ձեռներեցներն առաջին անգամ են Հայաստանում և շահագրգռված են էլեկտրատեխնիկական սարքավորման, էլեկտրոնային սարքերի, մանոմետրերի, մալուխային արտադրանքի մատակարարմամբ Հայաստան: Հայաստանի հետ գործարար հարաբերությունները Տոմսկի ձեռներեցները կցանկանային զարգացնել զբոսաշրջության բնագավառում: Նա նշել է, որ ռուսական պատվիրակության կազմում են փոքր և միջին բիզնեսը ներկայացնող 10 ընկերությունների ներկայացուցիչներ: Զրուցակիցն ավելացրել է, որ Տոմսկում կազմակերպվել է տեխնիկատնտեսական գոտի, և կա հաստատություն, որտեղ կենտրոնացված է գիտատար և ինովացիոն արդյունաբերությունը: ՙԴա ազատ առևտրի գոտու տեսակներից մեկն է, և մենք ակնկալում ենք այստեղ համագործակցություն սկսել Հայաստանի հետ՚, - ասել է Գումիլյովսկին: