Կարբիի կիրճում ՓՀԷԿ շինարարության դեմ գյուղացիների պայքարն արդյունք
տվեց:
Հիշեցնենք,
որ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ պարբերաբար փակում էին
Երևան-Ապարան ավտոճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ ՀԷԿ շինարարական աշխատանքների,
քանի որ, նրանց ասելով, փոքր ՀԷԿ-ն իրենց կզրկի ոռոգման ջրից: Նախօրեին բողոքի
հերթական ակցիայի առնչությամբ գյուղացիների հետ հանդիպել էր տարածքային կառավարման
նախարար Արմեն Գևորգյանը` խոստանալով մարտի 21-ին տեղեկացնել այդ հարցի վերաբերյալ
վերջնական որոշման մասին:
Մինչդեռ
վերը նշված նախագիծն իրականացնող «Գահա էներջի» ընկերությունը տարածել է հայտարարություն, որում
հաղորդում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում բոլոր տեսակի շինարարական աշխատանքների անհապաղ կասեցման մասին` Կարբի և Օհանավան գյուղերի բնակիչների բողոքի առնչությամբ: Ընդ որում ընկերությունը
պատրաստակամություն է հայտնել այդ ծրագիրը քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: