Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քաղաքացիական
ակտիվիստ և «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ
չի համարում: Հարությունյանի նկատմամբ իր վերաբերմունքի մասին ոստիկանապետը
հայտարարել է դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում:
Շանթ Հարությունյանի գործից քաղաքական հետապնդման հոտ
անգամ չի գալիս, ինչի՟ մասին է խոսքը», - նշել է Գասպարյանը, խորհուրդ տալով փակել
այդ թեման, քանի որ արդեն մեկ տարուց ավելի է անցել այդ իրադարձությունների օրից:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը ձերբակալվել է 2013
թվականի նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում ոստիկանների և ակտիվիստների միջև
զանգվածային ընդհարումներից հետո: Մինչ այդ նա հրապարակում նստացույց էր
անցկացնում` «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով: Մոտ մեկ տաի տևած
դատավարությունից հետո Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման:
Այսօր
պատասխանելով այն հարցին, թե արդյոք այն ժամանակ ոստիկանները չէին ուշացել Շանթ
Հարությունյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ուժ կիրառելու հարցում, և արդյոք
կարելի էր կանխել զանգվածային ընդհարումները, Գասպարյանը նշել է, թե իրավակարգի
պահապանների բոլոր գործողությունները ձեռնարկվել են ժամանակին: «Ես ձեզ
հավաստիացնում եմ, որ եթե մենք մի քանի րոպե ավելի շուտ միջամտեինք, ապա աշխարհով
մեկ կազդարարեին, որ Ոստիկանությունը հարձակվել է մարդկանց վրա, որոնք ոչ մի վատ
բան չէին անում, այլ ընդամենը զբոսնում էին հրապարակում: Դե այո, զբոսնում էին …
մահակներով և «Մոլոտովի կոկտեյլներով», - հայտարարել է Գասպարյանը: