Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իշխանությունների համար թանկարժեք ՙկադր՚ է և նրան չեն զոհաբերի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, մեկնաբաբելով նախօրեին Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը:
ՙԵս կասկածում եմ, որ Խաչատրյանին քրեական պատասխանատվության կենթարկեն: Մենք տեսանք, թե ինչպիսի հսկայական ծառայություններ նա մատուցեց Հանրապետական կուսակցությանն ընտրություններում: Նա իշխանության համար ձայներ էր ապահովում, ընդ որում, ոչ միայն Սյունիքում, այլ նաև Երևանում` ավագանու ընտրությունների ընթացքում: Այս առումով անպատժելիության նրա զգացումները հասկանալի են՚,-ասել է Սաֆարյանը:
Ըստ ընդդիմադիրի, նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, ընդհանուր առմամբ, պարտքի տակ են Սուրիկ Խաչատրյանի հանդեպ: ՙՄարզպետն ունի ընտրությունները կեղծելու հսկայական փորձ, նրանց համար նա փորձված և իրավիճակին տիրապետող մարդ է: Իսկ ինչ վերաբերվում է հասարական դժգոհությանը, ապա Հայաստանում իշխանությունը գտնվում է հասարակության հսկողությունից դուրս, հետևաբար, նրա ճնշումներն իշխանությանը ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում՚,-եզրափակել է քաղաքական գործիչը: