Հայաստանը
Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի նույն սահմաններում, որոնցում 20-23
տարվա ընթացքում անդամակցել է միջազգային այս կամ այն կառույցին: Այդ մասին
հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀՀ «Հարցազրույց» հաղորդաշարով հեռարձակված հարցազրույցում:
Նրա ասելով, դա միակ ճիշտ մոտեցումն է, և ոչ ոք չի կարող հակառակն
ապացուցել: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: «Կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, սխալ է: Այո´, որոշակի եւ շատ հստակ նկատառումներից ելնելով՝ մենք չենք ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Ուրիշները եւս չեն ճանաչել՝ ելնելով այլ նկատառումներից: Սա է իրականությունը,
իսկ մնացած բոլորդ դատողությունները` ընդամենը հույզեր են: Եվ պատք չէ Արցախը
պաշտպանել ինձանից: Դա վիրավորական է և անհեթեթ», - ասել է նախագահը:
Անդրադառնալով
հայկական կողմի արձագանքին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի
հայտարարությանը` Սարգսյանը նշել է, որ քաղաքականությունում, առավել ևս,
դիվանագիտությունում զգացմունքները տեղ չունեն, և միջազգային բանակցությունները
լավագույն վայրը չեն «պարզաբանումների» համար: «Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը
լարվածություն է ստեղծում ոչ միայն առաջնային
գծում, այլև` դիվանագիտական ճակատում: Զարմանալի կլիներ, եթե Իլհամ Ալիևը
նամակներ չուղարկեր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներին, դա մեզ
համար անակնկալ չէր: Մենք հանդիպումից դեռ մեկ օր առաջ տեղյակ էինք այդ նամակների
մասին: Երբ ես ասում էի, որ Նազարբաևի հայտարարությունը մեզ համար տհաճ էր, ապա
նկատի ունեի ոչ թե բովանդակության, այլ այն առումով, որ ՄՄ անդամ երկրի նախագահը
վկայակոչում է Ադրբեջանի նախագահի նամակը», - ասել է նա: