Ապրիլից
լիովին պարապուրդի մատնված «Միկա Ցեմենտ» ՓԲԸ վերսկսել է արտադրությունը: Մինչև
տարեվերջ նախատեսվում է արտադրել 100 հազար տոննա ցեմենտ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի
թղթակցին հաղորդել է գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:
Նրա ասելով, արտադրությունը վերսկսվել է սեպտեմբերի
վերջին` բոլոր հիմնական պարտքերի վճարումից հետո: «Մենք մարել ենք աշխատավարձի
գծով և էներգետիկների հանդեպ հիմնական պարտքերը, և այժմ մարում ենք ընթացիկ
պարտքերը: Մինչ այդ աշխատում էր մանրեցման արտադրամասը, իրականացվում էր
սարքավորման փոխարինում», - ասել է տնօրենը: Մարտիրոսյանը նշել է, որ այժմ
գործարկվել է վառարանը, կազմակերպվել է արտադրության ամբողջական ցիկլ: Գործարանն
արդեն աշխատում է ողջ հզորությամբ: Այժմ գործարանում աշխատում է 410 մարդ:
Թողարկվող արտադրանքն առայժմ իրացվում է ներքին շուկայում, սակայն ընկերությունը
մտադիր է սկսել արտահանում դեպի Վրաստան,
Ռուսաստան` մրցունակ գների առկայության դեպքում: Տնօրենը հավելել է, որ
գործարանն աշխատում է արտադրանքի տեսականու ընդլայնման և որակի բարելավման
ուղղությամբ:
Նշենք, որ հանրապետությունում մեծությամբ երկրորդ ցեմենտ
արտադրող «Միկա Ցեմենտի» արտադրության ծավալներն սկսեցին անկում ապրել 2009
թվականին համաշխարհային ճգնաժամից հետո, որը հանգեցրել էր շինարարության կրճատման:
Այսպես, 2011 թվականին «Միկա Ցեմենտը» արտադրել է շուրջ 120-130 հազար տոննա
ցեմենտ, նախաճգնաժամմային 2008 թվականի
375 հազար տոննայի դիմաց: 2013 վերաբերյալ տվյալներ չկան: (Ազգային
վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականին Հայաստանում արտադրվել է
430,9 հազար տոննա ցեմենտ` 2012 թվականի 437,6 հազար տոննայի դիմաց):
Գործարանի
նախկին սեփականատերը գործարար Միխայիլ Բաղդասարովն է: Այնուհետև «Միկա Ցեմնետի»
գույքը գրավադրվել էր «ՎՏԲ Հայաստան» բանկի վարկի գծով պարտքի դիմաց:
Ընկերությունը 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունը չի հրապարակել, սակայն
նախորդ հաշվետվություններից երևում է, որ ձեռնարկության պարտքերը սրընթաց աճում
էին վերջին տարիներին: 2012 թվականին վնասը գերազանցել է 2,3 մլրդ դրամը` 2011
թվականի 22 մլն դրամի, 2010 թվականի 19
մլն դրամի և 2009 թվականի 5,6մլն դրամ դիմաց: (հոկտեմբերի 10-ի դրությամբ ՀՀ ԿԲ
փոխարժեքը` 411.04 դրամ 1 դոլարի դիմաց):