Տարածաշրջանային անվտանգության համար
սպառնալիք է այն կողմը, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
առանձնացնում է միայն մեկը հելսինկյան հիմնարար սկզբունքներից, որոնք միջազգային
հանրությունը հիմք է ընդունում խնդրի կարգավորման համար, և դա հայկական կողմը չէ:
Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի
փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար
Մամեդյարովի այն հայտարարությունը, թե տարածաշրջանում խաղաղությանն սպառնացող
հիմնական վտանգը հայկական զորքերի ներկայությունն է իբր ադրբեջանական
տարածքներում:
«Եթե խոսելու
լինենք օկուպացիայի մասին, ապա հենց Ադրբեջանն է օկուպացրել հայկական տարածքները,
խոսքը վերաբերում է Գետաշենին, Մարտունաշենին և Շահումյանին», - նշել է նա: Ինչ
վերաբերում է Մամեդյարովի կաղմից ՄԱԿ ԱԽ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
բանաձևերի վկայակոչմանը, ապա պատգամավորն
ավելորդ չի համարում հիշեցնել, որ դրանք ընդունվել են 90-ական թվականների սկզբին և
նպատակ ունեին հրադադարի ռեժիմ հաստատել կողմերի միջև: «Հակամարտության
կարգավորման ներկա փուլում ՄԱԿ ԱԽ բանաձևերի վկայակոչումը նպատակահարմար չէ: Այժմ
ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի հելսինկյան սկզբունքների հիման
վրա, և դրանցից միայն մեկն առանձնացնելն անընդունելի է, դրան է հանգում նաև
միջազգային հանրությունը», - ամփոփել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի
5-ին ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել
էր, թե Ադրբեջանը հանդես է գալիս խնդիրը ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի հիման վրա լուծելու
օգտին: «Տարածաշրջանում խաղաղությանն սպառնացող հիմնական վտանգը հայկական զորքերի
ներկայությունն է «Ադրբեջանի տարածքում»: Հակամարտության գոտու ապառազմականացումը
թույլ կտա ամրապնդել փոխվստահությունը և թուլացնել լարվածությունը
տարածաշրջանում», - հայտարարել էր նա: