Ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի, այսօր Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարն ընդգծել է, որ Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական տարածքում: Այդ երկրի հետ ուղղակի հարաբերությունների բացակայության պատճառով, բնականաբար, պետք է միջամտեր Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, և հիմա բանակցություններ են ընթանում նրան հայրենքի վերադարձնելու շուրջ: ՙՀայաստանում երբեք մոլորված զինծառայողներին չեն դատել, և Ինջիղուլյանը բացառություն չի լինի՚,- ընդգծել է նա: Ըստ որում, նախարարը չի բացառել, որ Ինջիղուլյանն Ադրբեջանում ենթարկվել է ճնշումների, ինչի հետևանքով ստիպված է եղել հանդես գալ հակահայկական հայտարարություններով ադրբեջանական ԱՊԱ-ին հարցազրույցի ժամանակ: ՙՆրա ծնողները բազմիցս հայտարարել են, որ որդին գոհ է եղել հայկական զինված ուժերում ծառայությունից, և նման հայտարարությունների պատճառ չի ունեցել՚,- ասել է Օհանյանը:
Նշենք, որ Ինջիղուլյանը գերության մեջ է հայտնվել օգոստոսի 7-ի`լույս 8-ի գիշերը: Հայկական կողմի վկայությամբ, նա մոլորվել է սահմանին ու հայտնվել գերության մեջ: Ադրբեջանական կողմը երկար ժամանակ թույլ չէր տալիս ԿԽՄԿ ներկայացուցիչներին հանդիպել գերու հետ: