Ընդդիմադիր կուսակցությունների համախմբումը Երևանի ավագանու խորհրդի ընտրություններից հետո միանգամայն հնարավոր է, մարտի 26-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՙԸնտրություններին քաղաքական ուժերի առանձին մասնակցության փաստն ինքնին դրական է, քանի որ թույլ կտա ընտրություններից հետո միավորել իրենց արդյունքները և մեծամասնություն կազմել ավագանու խորհրդում: Իսկ այժմ անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր կուսակցություն առանձին առավելագույնս աշխատի և նվաճի առավել մեծ թվով ընտրողների վստահությունը՚, - ընդգծել է Վարդանյանը:
Նա միևնույն ժամանակ կարծում է, որ առաջիկա ընտրությունները, առաջին հերթին, քաղաքական իրադարձություն են, հակառակ իշխանությունների այն պնդումների, թե մայիսի 5-ին կայանալիք միջոցառումը կառավարողի ընտրություններ են: Նրա ասելով, վերջին 4 տարիներին Երևանում 3 քաղաքապետ է փոխվել, ինչը դարձյալ վկայում է այն մասին, որ մայրաքաղաքի քաղաքապետերն իրականում ոչ թե ընտրվում են, այլ` նշանակվում իշխանության կողմից, որըն ազատվում է անցանկալիներից և առաջադրում նրանց, ում կարելի է հեշտությամբ ղեկավարել: ՙԱյժմ Երևանին, ինչպես երբեք, հարկավոր է քաղաքապետ, ով կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել: Եվ, կարծում եմ, իշխանությունները դա հրաշալի հասկանում են, հետևաբար, կլինեն փոփոխություններ: Եվ հենց Երևանից կսկսեն փոփոխություններ իրականացվել ողջ հանրապետությունում: Եվ պատահական չէ, որ այդ ընտրություններում դաշնակցականների կարգախոսն է ՙԵրևան, փոխիր Հայաստանը՚, - ամփոփել է Վարդանյանը: