Ապրիլի 18-ին Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ավագ դպրոցում կկայանա ՙ2012-2013 ուսումնական տարվա Հայաստանի լավագույն ռուսաց լեզվի ուսուցիչ՚ մրցույթի եզրափակիչ փուլը:
Մրցույթի կազմակերպիչն է Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական ռուսաստանյան կենտրոնը: Մրցույթն անցկացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի հետ համատեղ, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների և Հայաստանի մարզպետարանների մասնակցությամբ:
Մրցույթի նախընտրական փուլն անցել է հանրապետության բոլոր մարզերում: Նախընտրական փուլի արդյունքներով Հայաստանի մարզերի Կրթության վարչությունների կողմից եզրափակիչ փուլում մասնակցելու համար ներկայացվել են ռուսաց լեզվի և գրականության 40 ուսուցիչներ: Եզրափակիչ փուլում կորոշվեն մրցույթի հաղթողները, ովքեր կպարգևատրվեն I, II և III կարգի դիպլոմներով: Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ:
Փակման արարողությանը հրավիրված են Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանը և այլ պաշտոնական անձինք: