Ոստիկանության կայքում տեղադրվել է ՀՀ ընտրողների նոր ցուցակը:
Ընտրողների ցուցակում տվյալները ստուգելու նպատակով կարելի է այցելել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը՝ www.elections.am կամ տեղամասային կենտրոններ: Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը կարելի է դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն:
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարվելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմած քաղաքացուն։
www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության անցկացման օրը 18 տարին լրացած և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները: Հարցեր առաջանալու դեպքում կարելի է զանգահարել 010-53-32-73 հեռախոսահամարով:
Մեկնաբանելով այս տեղեկատվությունը`ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում ընտրողների թիվը կրկին ավելացել է. ՙՀայաստանի ՙընտրողների՚ թիվը կրկին ավելացել է ... 6 ամսվա ընթացքում 25.000-ով: Կամ ՙընտրողների՚ խմբաքանակ են ներկրել, կամ էլ որոշ ՙպադոշ՚ ընտրողներ, չնայած անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններին, բակտերիայի նման բազմացել են Մեր երկրում ամոթը իսպառ մեռել է: Կապ չունի, որ երկիրը լքածների թիվը այս տարի էլ գերազանցել է երկիր մտածների թվին: Միևնույնն է, ընտրողների ռեգիստրը տրաքում է: Վստահ եղեք, մեռելոցից հետո ընտրողների թիվը դեռ էլի կաճի: Դիմացեք, ժողովուրդ՚,- կոչ է անում Սաֆարյանը:
Նշենք, որ 2012 թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում ընդգրկված էր 2 482 593 ընտրող, մինչդեռ երկրի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 2,9 մլն մարդ: