Պաշտոնական Բաքուն, պարզապես, Թուրքիայի վերջին հուզումներին ինչ-որ կերպ արձագանքելու նույնիսկ բարոյական իրավունք չունի: Առցանց մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Բաքվի ՙԱրևելք-Արևմուտք՚ հետազոտությունների կենտրոնի նախագահ Արաստուն Օրուջլուն` պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանություններն առայժմ չեն արձագանքել Թուրքիայի վերջին գործընթացներին, չհաշված Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի ցրումը:
ՙԷրդողանի կառավարության հետ պաշտոնական Բաքվի հարաբերությունները չափազանց զգայուն են, և կա այն ըմբռնումը, որ ճիշտ չհաշվարկված արձագանքը տվյալ դեպքում կարող է խախտել հարաբերությունների այդ փխրուն տոնը, ուստի Ադրբեջանի իշխանությունները նախընտրում են լռել: Առավել ևս` Ադրբեջանում իրավունքների և ազատությունների բնագավառում առկա բազմաթիվ խնդիրների ֆոնին: Կարծում եմ, պաշտոնական Բաքուն, պարզապես, ինչ-որ արձագանքի նույնիսկ բարոյական իրավունք չունի՚, - նկատել է փորձագետը:
Որոշակի փոխզիջում կգտնվի, և կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ կայունությունը ցանկացած երկրում, ներառյալ Թուրքիան, չի կարող պահպանվել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշման ճանապարհով: Ադրբեջանի վրա դա առանձնակի ազդեցություն չի գործի, քանի որ, մերձեցնող բոլոր այլ գործոնների առկայությամբ հանդերձ, քաղաքական համակարգերը չափազանց տարբեր են: Օրուջլուի կարծիքով, Թուրքիայի հուզումները, նախ և առաջ, պայմանավորված են ներքին գործոններով, քանի որ կառավարող AKP-ն վերջին ժամանակներս չափազանց ակտիվորեն է սկսել դուրս մղել քեմալիզմի աշխարհիկ ավանդույթները, սխալ հաշվարկելով ներքին դասավորությունը, հատկապես, բանակի բարձրագույն շրջանակներում զանգվածային ձերբակալություններից հետո: Եվ հենց այդ ձերբակալությունների նկատմամբ հանրային արձագանքի բացակայությունն է թխանել Թուրքիայի կառավարող շրջանակների սխալ հաշվարկները այդ գծի շարունակման գործում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մահմուդ Ահմադինեջադի փոխարինումը Հասան Ռոհանիով սրբագրումներ կմտցնի ադրբեջանաիրանական ոչ լավագույն հարաբերություններում, Օրուջլուն նշել է, թե սկզբունքային փոփոխություններ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Թեհրանն ադրբեջանական անկախ պետության գոյության փաստն իսկ ընկալում է որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը:
Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները կազմակերպվում են ՙՄիմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով՚ նախագծի շրջանակում: ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունները: