Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված
միջոցառումները պետք է անցկացվեն այնպիսի մակարդակով, որպեսզի դրանք տպավորություն
գործեն համաշխարհային հանրության վրա` այնպես, որ աշխարհը լսի հայերի ձայնը: Այդ
մասին հայտարարել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոստը` Հայաստան-Սփյուռք
հինգերորդ համաժողովում իր ելույթում:
Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է
տեղափոխվի իրավական հարթություն: «Մեր նպատակը պետք է լինի ոչ միայն
Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, այլև դրա հետևանքների դիմաց
փոխհատուցման հարցը: Մեր բառապաշարում «ճանաչել և դատապարտելու» փոխարեն այսուհետև
պետք է հնչի «ճանաչել, դատապարտել և փոխհատուցել» բառակապակցությունը», -
հայտարարել է Արամ Ա-ն, ընդգծելով, թե Թուրքիան պետք է գիտակցի, որ չի կարող
անպատիժ «բռնաբարել» մի ողջ ժողովրդի իրավունքը:
Նրա ասելով, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը
պետք է դառնա Ցեղասպանության միջազգային ճանաչման նոր փուլի սկիզբ, ինչպես նաև
Թուրքիայի կողմից դրա ճանաչման և փոխհատուցման հասնելու սկիզբ:
Նա նաև հայտարարել է, որ հայոց եկեղեցին հետևողական է
լինելու Թուրքիայի տարածքում հայերի եկեղեցական գույքի վերադարձման հարցում: «Այդ
հարցով մենք կդիմենք միջազգային իրավական ատյաններ, սակայն դրանում մեզ պետք է
սատարի Հայաստանը` որպես պետություն», - հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո
կաթողիկոսը:
Նա նաև մտահոգություն է հայտնել Սիրիայում, Իրաքում և
Ուկրաինայում հայ համայնքների աստիճանաբար վերացման առնչությամբ` ընդգծելով ինչպես
Հայաստանի, այնպես էլ սփյուռքի կառույցների կողմից այդ երկրների հայ համայնքներին
ըստ ամենայնի աջակցելու անհրաժեշտությունը:
Գարեգին
Բ ամենայն հայոց կաթողիկոսն իր հերթին ընդգծել է Հայաստան-Սփյուռք-Արցախ
հարաբերությունների առավել ամրապնդման կարևորությունը ողջ աշխարհի հայության համար
արդիական հարցերի լուծման գործում, որոնց թվում առաջնայիններից մեկն օսմանյան
Թուրքիայում իրագործված ցեղասպանության ճանաչումն է: