Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը բաց
նամակ է հղել ԱՄՆ կոնգրեսականներին` Ադրբեջանում կոռուպցիայի տարածման և Իլհամ
Ալիևի կողմից ժողովրդավարության ճնշման առնչությամբ:
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Իլհամ Ալիեւը ճնշում է գործադրում ԱՄՆ նահանգների օրենսդիր մարմինների վրա` հայերի վիճակին վերաբերող հարցերի նկատմամբ
վերջիններիս դիրքորոշումների պատճառով: ԱՀԱԿ տնօրենի ասելով, Ադրբեջանն Ալիևների
կլանի կառավարման ներքո է: Ներկայիս նախագահը, որ «ԿԳԲ» գեներալի որդի է,
միլիարդատեր է դարձել պետական ծառայություն կատարելիս և հաճախ հիշատակվում է ամենաոչժողովրդավար
առաջնորդն աշխարհում: Նրա անձնական կարողությունը և նրա կառավարության կոռուպցիան
ցուցադրվել են CNBC «Ալիևների ընտանիքն
Ադրբեջանում» ծրագրում:
Արամ Համփարյանը ԱՄՆ օրենսդիրներին հիշեցնում է, որ Իլհամ Ալիևին է
առնչվում ամենաաղմկահարույց սկանդալն աշխարհում, երբ նա ներում և հերոսի կոչում
շնորհեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ում
զոհն էր դարձել քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանը: «Սաֆարովը կացնահարել էր քնած
հայ սպային, և այդ ամոթալի արարքը կտրուկ դատապարտվեց նախագահ Օբամայի կողմից: Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակն աշխարհում վատթարագույններից մեկն է, ինչն ամեն տարի արձանագրվում է Պետդեպարտամենտի` մարդու իրավունքների վերաբերյալ հաշվետվություններում: Ամերիկյան
ժողովրդավարությունն Իլհամ Ալիևի վարչակազմին թույլ է տալիս ազատորեն գործել մեր
բաց հասարակության շրջանակներում: Սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ քաղաքացիները
պետք է լռեն օտարերկրյա ղեկավարների միջամտությունների դեմ, ովքեր չեն հարգում մեր իրավունքներն ու չեն կիսում մեր արժեքները, հատկապես, երբ փորձում են իրենց անհանդուրժողությունն արտահանել մեր երկիր: Նահանանգների ցանկացած օրենսդիր ժողովի համար վտանգավոր կլիներ սպասարկել
օտարերկրյա կոռումպացված առաջնորդի շահերը: The Washington Post-ը և
մյուս ԶԼՄ-ները հաղորդել են ԱՄՆ քաղաքական գործիչներին հասցեագրված աղմկահարույց
մեղադրանքների մասին, որոնք ընկնում են Ադրբեջանի ազդեցության տակ: Սակայն,
միևնույն ժամանակ, Ադրբեջանում դեսպանի պաշտոնի նախորդ նախագահական թեկնածուն ԱՄՆ
Սենատում շրջափակվել էր Ադրբեջանի պաշտոնական այրերի հետ անընդունելի
հարաբերությունների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ մտահոգության
կապակցությամբ», - գրում է Համփարյանը: