Երեկ <Հայաստանի էլեկտրական ցանցեր> (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հանդիպում է ունեցել Ընկերության խոշոր սպառողների հետ աշխատանքի դեպարտամենտի (Դեպարտամենտ) կոլեկտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է աշխատակիցների՝ Ընկերության այլ ստորաբաժանումներում աշխատանքի տեղավորման հարցը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ըննկերության մամուլի ծառայությունից, Ընկերությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Մոտ ժամանակներս նախատեսվում է իրականացնել Ընկերության կանոնադրությամբ նախատեսված կորպորատիվ միջոցառումներ՝ ՀԷՑ ՓԲԸ կենտրոնական գրասենյակի նոր վարչակազմակերպական կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատման համար:
Ընկերության կազմակերպական կառուցվածքի ձևավորման ընդհանուր մոտեցումներից մեկը կենտրոնական գրասենյակում միայն կառավարչական անձնակազմի պահպանումն է՝ արտադրական անձնակազմը տեղափոխելով Ընկերության մասնաճյուղեր: Վերջինս վերաբերում է Դեպարտամենտի աշխատակազմին:
<Յուրաքանչյուր աշխատակից Ընկերության համար այսօր շատ կարևոր է թե՛ որպես մասնագետ և թե՛ որպես մարդ: Այդ իսկ պատճառով Ընկերության կողմից կքննարկվեն բոլոր հնարավորությունները և յուրաքանչյուր աշխատակցի համարժեք աշխատանք կառաջարկվի Երևանի այս կամ այն մասնաճյուղում՝ պահպանելով աշխատանքի վարձատրման պայմանները (աշխատանքային պայմանագրերին լրացուցիչ համաձայնագրերի կնքման միջոցով)>,-ասել է ՀԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
Դեպարտամենտի բոլոր աշխատակիցները կստանան Ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ պաշտոնական նամակներ՝ աշխատանքի տեղավորման առաջարկով:
Նշենք, որ խոսքը գնում է դեպարտամենտի 41 աշխատակիցների մասին, որոնց տեղեկացվել է, որ ընկերության օպտիմալացման նպատակով նրանք կազատվեն աշխատանքից: Նոյեմբերի 22-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ՀԷՑ աշխատակիցներ Վալերի Սարգսյանը և Համբարձում Մելիքյանը նշել են, որ ղեկավարության որոշումն իրենց համար անսպասելի էր: Նրանց խոսքերով, դեպարտամենտի ջանքերով հաջողվեց հիմնականում նվազեցրել էներգահամակարգի 40% կորուստները, մինչև ներկայիս 12%-ին: <Արվել է հսկայական աշխատանք, բայց այժմ ստիպված ենք պաշտպանել մեր իրավունքները>,-ընդգծել են նրանք, նշելով անկացվելիք մի շարք ակցիաների մասին, որոնք երկուշաբթի օրվանից մինչ օրս շարունակվում են: