Ղազմական բյուջեն և մարտական պատրաստվածությունը հիմնական դերը կխաղան լեռնային-ղարաբաղյան հակամարտությնա կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ազգային տոնի` Նովրուզ բայրամի կապակցությամբ կազմակերպված ժողովրդական տոնախմբություններում:
«Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բացարձակապես անկախ է, այն հենված
է ադրբեջանական ժողովրդի ազգային շահերի վրա: Մենք պատվով և հաջողությամբ ենք
պաշտպանում մեր ազգային շահերը: Այսօր գնալով աճում է Ադրբեջանի ազդեցությունը
տարածաշրջանում ընթացող գործընթացներուըմ: Հաճախ է լինում, որ հատկապես
ադրբեջանական պետությունն է հանդիսանում միջազգային նախագծերի նախաձեռնողը»,-նշել
է Ալիևը:
Նրա խոսքով, երկրի արտաքին քաղաքականության ոլորտի հիմնական պրոբլեմը դա
ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելն է: «Արդեն քանի տարի է, ինչ
խախտվում է միջազգային իրավունքը և արդարությունը: Լեռնային Ղարաբաղը հանդիսանում
է Ադրբեջանի անքակտելի մասը, մեր պատմական, բուն տարածքը: Ադրբեջանցի ժողովուրդը
դարերով ապրել և արարել է այդ տարածքներում: Լեռնային Ղարաբաղի բոլոր անվանումներն
արտացոլում են ադրբեջանական ժողովրդի մշակույթը և պատմությունը: Ոչ միայն Լեռնային
Ղարաբաղը, այլ նաև ներկայիս Հայաստանի տարածքի զգալի մասը նույնպես հին
ադրբեջանական տարածքներ են: Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանական դրոշը կբարձրացվի
Շուշիում և Ստեփանակերտում: Դրա համար մենք պետք է լինենք ավելի ուժեղ: Միջազգային
թատերաբեմում գոյություն ունեն երկակի ստանդարտներ: Մենք նույնպես այդ երկակի
ստանդարտների զոհն ենք: Միջազգային հարաբերությունների կարգավորման գործում առաջին
պլան է դուրս մղվում ուժի գործոնը: Մենք պետք է լինենք, ու կլինենք ավելի ուժեղ»,-ասել
է Ալիևը:
Այնուհետև նա հայտարարել է, որ խախտվել է պատմական արդարությունը և
միջազգային իրավունքը, չնայած այն բանին, որ համաշխարհային ողջ հանրությունը
Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես «Ադրբեջանի անքակտելի մաս»:
Ալիևն ընդգծել է, որ այսօր աշխարհում միջազգային պրոբլեմների լուծման
ընթացքում առաջին պլան է մղվում միջազգային իրավունքը` ուժի գործոնի հետ մեկտեղ:
«Մենք արդեն երկար տարիներ ի վեր ստեղծում ենք մեր ուժեղ տնտեսական ներուժը, ինչը
մեզ թույլ է տալիս նաև ունենալ անկախ քաղաքականություն, քանի որ առանց տնտեսական
անկախության և ռազմական հզորության շատ դժվար է իրականացնել անկախ
քաղաքականություն: Հետևաբար, վերջին տարիներին հսկայական ուշադրություն է դարձվում
բանակի շինարարությանը: Մեր բանակն ունի ժամանակակից սպառազինություններ, մեր
ռազմական բյուջեն, տարեցտարի մեծանալով, հասել է մեծ թվերի: Բավական է նշել, որ
այսօր մեր ռազմական բյուջեն երկու անգամ գերազանցում է Հայաստանի ողջ պետական
բյուջեն: Ռազմական բյուջեն, մարտական պատրաստվածությունը հիմնական դերը կխաղան
հայ-ադրբեջանական, լեռնային ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,-ասել
է նա:
Իր ավտորիտար ռեժիմն ամրապնդելու համար Ալիևը կրկին Հայաստանն անվանել է
ֆաշիստական պետություն, որի զոհն է, նրա խոսքերով, հատկապես հայ ժողովուրդը, որը
զրկված է անկախ զարգանալու հմնարավորությունից: «Շատ դժվար է Հայաստանի նկատմամբ
կիրառել «անկախ պետություն» արտահայտությունը, քանի որ այն չունի ոչ անկախ
քաղաքականություն և ոչ էլ անկախ տնտեսություն»,-հայտարարել է Ալիևը:
Այնուհետև նա լավատեսական կանխատեսումներ է արել, հայտարարելով, որ
Հայաստանի համար նույնպես կբացվի անկախ երկիր դառնալու հնարավորությունը: «Ես չեմ
հավատում, որ հայ ժողովուրդը կարող է համակերպվել իր ներկայիս իրավիճակի հետ, քանի
որ յուրաքանչյուր ժողովուրդ և յուրաքանչյուր պետություն ցանկանում է լինել անկախ:
Այսօր Հայաստանի նկատմամբ նման բան ասելն անհնար է, քանի որ ներկայումս Հայաստանն
իրեն, լավագույն դեպքում, ցուցադրում է որպես ֆորպոստ»,-ասել է Ալիևը: