Էկոլոգիական հասարակական դաշինքը, Երևանի և Գավառի Օրհուս-կենտրոնները, ինչպես նաև մի շարք անկախ փորձագետներ բաց նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին`Սևանա լճի շուրջ ոչ հասարակ իրավիճակի հետ կապված: Մտահոգություն են հարուցում Սևանում ծկնաբուծության զարգացման ծրագրի իրականացումը, ինչպես նաև լճից բացթողումների 70 մլն խմ-ով ավելացումը:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՙՍևանա լճի մասին՚ օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը, այդ նախաձեռնություններից յուրաքանչյուրը լուրջ ռիսկեր է պարունակում Սևանի համար: Խոսելով բացթողումների ավելացման մասին`փորձագետը նշել է, որ վերջին տարիներին Սևանն առանց այդ էլ դժվար իրավիճակում է հայտնվել: Արփա-Սևան թունելը լրիվ ուժով չի գործում`կապված վերանորոգման աշխատանքների հետ: Բացի այդ, մինչ այժմ չի ավարտվել Եղվարդի ջրամբարի շինարարությունը, ինչի շնորհիվ լրացուցիչ կերպով Արարատյան դաշտավայր կստացվեր տարեկան շուրջ 100 մլն խմ ջուր:
Մինչդեռ Սևանից բացթողումների ավելացումը հիմնավորվում է Արարատյան դաշտավայրում ջրի պակասով, որտեղ ստորգետնյա հորիզոններն իջել են մի քանի մետրով`ձկնային տնտեսություններին ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու պատճառով:
Թադևոսյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ՙՍևանի մասին օրենքի՚ մի շարք դրույթներ մշտապես խախտվում են: Բացի այդ, շատ միջոցառումներ, որոնք անմիջապես առնչվում են Սևանին, հակասում են միջազգային կոնվենցիաներին: Մասնավորապես, փորձագետը հիշեցրել է, որ Սևանն Ազգային պարկ է, սակայն, հակառակ գործող օրենսդրությանը, Սևանի ավազանում տնտեսական գործունեություն է իրականացվում:
Միաժամանակ, բացթողումների ավելացումից բացի, Սևանում նախատեսվում է ձկնաբուծության զարգացման ծրագիր իրականացնել: ՙԱյդպիսով, Սևանին վնաս կհասցվի միանգամից երկու ուղղությամբ. էկոհամակարգի խախտում`ձկնային տնտեսությունների գործունեության պատճառով և բացասական հաշվեկշիռ`բացթողումների ավելացման հետևանքով՚,- ընդգծել է Թադևոսյանը:
Ավելացնենք, որ Սևանից բացթողումների ավելացման, ինչպես նաև ձկնային տնտեսության զարգացման ծրագրերն առաջիկա օրերին քննարկվելու են խորհրդարանում: